«WATERLAND» ջրային կրկեսը հեքիաթային շոու է խոստանում Երևանում

Գարնանային տոներին շատ քիչ ժամանակ է մնացել, և դրանք կարող եք անմահական դարձնել այցելելով ջրային կրկես, որտեղ կտեսնեք ջրային և լուսային գեղեցիկ շոու, կրկեսային համարներ շատրվանների վրա և ջրային խորեոգրաֆիա։ Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են մարտի 6, 7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ջրային կրկեսի համար հատուկ լողավազան է պատրաստվում, որը մինչև 20 մետր բարձությամբ ցայտող բազմաթիվ շատրվաններ ունի։ Հատուկ լազերային գունագեղ լուծումներն էլ ավելի հեքիաթային կդարձնեն ցուցադրությունը։ Ջրային կրկեսը նաև աչքի է ընկնում երաժշտական օրիգինալ ձևավորմամբ։

«WATERLAND» ջրային ատրակցիոնի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոն, խոսելով ջրային կրկեսի մասին, նշում է, որ կրկեսը ստեղծվել է Վլադիմիր Բուգայենկոյի գլխավորած «Цирк Украины» պրոդյուսերական ընկերության կողմից 2016 թվականին։ Առաջին ելույթը եղել է 2018-ին Բելոռուսում, որից հետո սկսել են ներկայանալ տարբեր քաղաքներում։

Այս ունիկալ ջրային կրկեսը ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։

Տարածել`
Share

You may also like...