Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Սպեղանի» երգչախմբի համերգին

Հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները հունիսի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչել են «Սպեղանի» երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի համերգն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Սպեղանի»-ի երգչուհիները երեկոյի ընթացքում կատարել են Կոմիտասի, Երկանյանի, Շարաֆյանի, Եկիմովի, Մարենցիոյի, Պալեստրինայի, Բրամսի գործերը:
«Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սարինե Ավթանդիլյանի խոսքով՝ համերգը նվիրված էր Կոմիտասին:
«Սա մեր անդրանիկ ելույթն է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Կոմպոզիտորներ Մարենցիոյի և Պալեստրինայի խմբերգերն առաջին անգամ են հնչում Հայաստանում: Երգչախումբը երեք տարվա դադարից հետո առաջին անգամ է ելույթ ունենում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Սարինե Ավթանդիլյանը:
Ավթանդիլյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո «Սպեղանի» երգչախումբը հուլիսին կմեկնի Ֆլորենցիա՝ մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնի:
«Ֆլորենցիայում անցկացվելու է խմբերգային երաժշտության հեղինակավոր փառատոն: Համերգները տեղի կունենան Ֆլորենցիայի հիանալի համերգասրահներում: Այս համերգի մեջ ներառված ստեղծագործությունները կհնչեն նաև Իտալիայում: Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների երգչախմբեր»,-տեղեկացրել է «Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառումից հետո ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նշել է, որ հավանել է համերգը: «Ինձ շատ դուր եկավ, և հաճույք ստացա»,-նշել է առաջին տիկինը:
Արդի խմբերգային արվեստի զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը ոչ միայն շարունակում է դարերով մշակված հայկական երգչախմբային ավանդույթները, այլև հաջողությամբ յուրացնում այլ դպրոցների մոտեցումները, հայ և արտերկրի հանդիսատեսին մատուցում հոգևոր-դասական-ավանգարդ երգեցողություն: 1996 թվականին ստեղծված «Սպեղանի» երգչախումբը շարունակում է գործել ի հիշատակ արցախյան պատերազմի նահատակների: Երգչախումբը մեծ ճանաչում ունի նաև համաշխարհային երաժշտական հասարակության շրջանակում, հասցրել է շրջագայել մ ի շարք երկրներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Սպեղանի» երգչախմբի համերգին”

Leave a Reply

Your email address will not be published.