Haaretz. Շառլ Ազնավուրի ընտանիքը հրեաների է փրկել նացիստներից

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզի օկուպացիայի ընթացքում իր տանը հրեաների է թաքցրել: Այդ մասին նշված է համաշխարհային համբավ ունեցող երգչի մասին նոր գրքում, գրում է Haaretz-ը:

«Ես գիտեմ, թե ինչ է շղթան, ես վերքեր եմ տեսել, ես ճանաչել եմ ատելությունը, ես ճանաչել եմ ցավը, ծարավն ու սովը, ես գիտեմ, թե ինչ է նշանակում ամեն օր վախ զգալ», – պատմել է Շառլ Ազնավուրը:

Լեգենդար շանսոնյեն, որն այս ամսվա վերջին կնշի իր 92-ամյակը, իր կյանքի մի քանի սարսափների մասին պատմել է երգի օգնությամբ, որպես Հայոց ցեղասպանություն վերապրած փախստական հայերի որդի, որոնք իրենց կյանքը վերակառուցել են Փարիզում իրենց հարազատների մեծ մասին կորցնելուց հետո:

Ազնավուրը որոշել է իր ամբողջ պատմությունը պատմել իվրիտով ցեղասպանություների հետազոտող պրոֆեսոր Յաիր Աուրոնի «Matzilim Ve’Lohamim» («Արդարամիտ փրկիչներ եւ բնաջնջողներ») գրքում: Գիրքը, որը կթարգմանվի նաեւ ֆրանսերեն եւ հայերեն, պատմում է կոնկրետ դեպքի մասին, բայց բարոյական դաս է ներկայացնում լայնածավալ ահաբեկչության եւ քաղաքական եւ գաղափարախոսական բռնության պայմաններում մարդու պահվածքի վերաբերյալ: Նախ եւ առաջ դա հուզիչ պատմություն է մեկ ցեղասպանություն վերապրածների մասին, որոնք, մեծ ռիսկի դիմելով, օգնել են մեկ այլ ցեղասպանության զոհերին:

«Մենք նույն ցավը եւ տառապանքներն ենք ապրել եւ եթե 1915 – 1918 թթ-ին հայեր չոչնչացվեին, Հոլոքոսթի ժամանակ հրեաների ոչնչացումը հնարավոր չէր լինի, որովհետեւ գերմանացիները շատ բան իրենց նախորդներից էին սովորել», – ընդգծել է Ազնավուրը:

Տարածել`
Share

You may also like...