Forbes-ը կազմել է այս ամռան ամենաանշահավետ ֆիլմերի վարկանիշը

Ըստ ամերիկյան Forbes ամսագրի վարկանիշի ՝ ամռան ամենաանշահավետ ֆիլմն է դարձել «Ապագայի երկիրը»: 190 միլիոն բյուջեով ֆիլմը հավաքել է ընդամենը 92 միլիոն հայրենական վարձույթում ու 206 միլիոն ամբողջ աշխարհում:

Հունիսին կինոփորձագետները Walt Disney Pictures ընկերության համար կանխատեսում էին 120-140 միլիոն դոլարի չափով կորուստ՝ Ջորջ Քլունիի ու Հյու Լորիի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի հավանական  ձախողման պատճառով:

Ամսագրի ցանկում է հայտնվել նաեւ «ֆանտաստիկ քառյակ» ֆիլմը, որը տիեզերական ուղեւորության ընթացքում մագնիսական անոմալիայի գոտի ընկնելուց հետո գերունակություններով օժտված գիտնականների մասին է: Ֆիլմի բյուջեն  120 միլիոն դոլար էր, իսկ ԱՄՆ վարձույթում ստացած եկամուտը ՝ 54 միլիոն: Ամբողջ աշխարհում ֆիլմը վաստակել է 150 միլիոն դոլար:

Արված ներդրումները չի արդարացրել նաեւ «Փիքսելներ» ֆիլմը, որում պատմում են, թե ինչպես է նախկին գեյմերների թիմը մարտնչում այլմոլորակայինների դեմ: Այն ֆիլմի հեղինակներին բերել է 73 եւ 186 միլիոն դոլար ՝ ամերիկյան ու համաշխարհային վարձույթներում համապատասխանաբար: Ֆիլմի բյուջեն 88 միլիոն դոլար է:

Բրիտանական ռեժիսոր Գայ Ռիչիի «Ա. Ն . Կ . Լ . գործակալներ» ֆիլմը վաստակել է 40 միլիոն դոլար ԱՄՆ –ում ու 76 միլիոն աշխարհում: Միջազգային հանցավոր կազմակերպության դեմ պայքարելու նպատակով միավորված ԿՀՎ եւ ՊԱԿ գործակալների մասին պատմող ֆիլմի բյուջեն կազմել էր 75 միլիոն դոլար:

Վարկանիշում են նաեւ «Ռիկի ու Ֆլեշ» ֆիլմը ՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ, «Գեղեցկուհին փախուստի մեջ» ֆիլմը ՝ Ռիզ Ուիզերսպունի ու Սոֆիա Վերգարայի դերակատարմամբ, «Ալոխան» ՝ Բրեդլի Քուպերի մասնակցությամբ, հայտնում է Lenta-ն:

Տարածել`
Share

You may also like...