Electric Yerevan-ի ֆոտոցուցահանդեսը. Բաղրամյան պողոտայի դեմքերը՝ մի դահլիճում

Ժուռնալիստների միության սրահում բացվեց այս տարվա հունիսի 22-ից  հուլիսի 6-ը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 15 օրերի ֆոտոխրոնիկան ամփոփող ֆոտոցուցահանդես, որի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն Բաղրամյան պողոտայի բոլոր հայտնի դեմքերը՝ ակտիվիստներից մինչև քաղաքական գործիչներ, այլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը, ՌԴ դեսպանատան և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաների թվում էին նաև «Կենդանի պատ» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, լրագրողներ, իրավապաշտպաններ. անգամ հումոր արվեց՝ բոլորս Բաղրամյանում ենք:

Միակ բացառությունը ոստիկանության ներկայացուցիչներն էին, որ չկային, սակայն նրանց ներկայությունը զգացվում էր Բաղրամյանի օրերից լրատվական գործակալությունների ու քաղաքականությանը հետևողների համար հայտնի լուսանկարներից:

Լուսանկարներում Բաղրամյանի դեպքերն էին՝ երիտասարդ աղջիկ, ով ոստիկանին ծաղիկ է նվիրում, թրջված ցուցարարների ու ոստիկանների դրամատիկ դեմքեր, և այլն։

«Ցուցադրելու շատ նյութ կար, լավ նյութ»,-լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպես ծագեց ցուցահանդեսի գաղափարը, ասաց գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Ֆոտոսրահում ներկայացված են 70-ից ավելի լուսանկարներ, և այն բաց է լինելու մինչև նոյեմբերի  26-ը: Այն Photolure գործակալության լուսանկարիչների յուրօրինակ ֆոտոակնարկն է:

Ցուցահանդեսին և Բաղրամյան պողոտայի տասնհինգ օրերի մասին պատմող վավերագրական ֆիլմի դիտումից առաջ  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այդ օրերը որակեց ինչ-որ առումով՝ պատմական:

«Պատմական՝ այն առումով, որ առաջին անգամ երիտասարդական այսպիսի ակտիվություն տեսանք 88-ից հետո, այն առումով պատմական, որ քաղաքացիական կեցվածք կար, գոնե սկզբնական շրջանում»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայի օրերը պատմական է համարում այն առումով նաև, որ առաջին անգամ միջազգային հանրությունը իշխանության կոշտ գործողություններին անմիջապես արձագանքեց, ինչը չեղավ անգամ մարտիմեկյան դեպքերի ժամանակ:

Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց «Electric Yerevan-ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը:

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Electric Yerevan-ի ֆոտոցուցահանդեսը. Բաղրամյան պողոտայի դեմքերը՝ մի դահլիճում”

Leave a Reply

Your email address will not be published.