Disney ընկերությունն էկրանավորելու է «Դոն Կիխոտը»

Միգել դե Սերվանտեսի «Հնարամիտ ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին» վեպն էկրանավորվել է բազմաթիվ անգամներ, իսկ խենթ ու ռոմանտիկ ասպետ դոն Կիխոտն այսօր էլ շարունակում է հանդիսանալ մարդկության պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենասիրելի հերոսներից մեկը։

Disney ընկերությունը որոշել է իրականություն դարձնել իր վաղեմի նախագծերից մեկը՝ ֆիլմ նկարահանել լեգենդար դոն Կիխոտի մասին։ Դասական գրողների գլուխգործոցներն էկրանավորելը միշտ էլ կրկնակի պատասխանատվություն է պահանջում, քանի որ գրական սկզբնաղբյուրի յուրաքանչյուր տառը ծանոթ է հանրությանը, և էկրանավորումը պիտի գոնե նվազագույնս համարժեք լինի տվյալ ստեղծագործությանը։ Disney-ի պրոդյուսերները ծրագրում են առաջիկայում հաղթահարել այդ մեծ փորձությունը, և ֆիլմի սցենարը վստահել են երկու տարի առաջ «Օսկարի» ներկայացված սցենարիստ և ռեժիսոր Բիլլի Ռեյին («Քաղցած խաղեր», «Նավապետ Ֆիլիպսը», «Թռիչքի պատրանք»)։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ նոր կինոնախագծի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն՝ բացի այն տեղեկությունից, որ ֆիլմը ոճային առումով նման է լինելու «Կարիբյան ծովի ծովահեններին» և համեմվելու է նաև որոշ միստիկական լուծումներով։

Սոֆի Լորեն և Փիթեր Օ’Թուլ, «Մարդը Լա Մանչայից»

17-րդ դարասկզբին ստեղծված «Հնարամիտ ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին» բազմիցս էկրանավորվել է, առաջին անգամ՝ 1903թ-ին Ֆրանսիայում, սակայն ամենահիշարժան էկրանավորումների թվում արժե առանձնացնել ավստրիացի մեծ ռեժիսոր Գեորգ Վիլհելմ Պաբստի «Դոն Կիխոտ» ֆիլմը, որը նկարահանվել է 1933թ-ին՝ ռուս հանրահայտ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի գլխավոր դերակատարմամբ, ինչպես նաև մեծ վարպետ Գրիգորի Կոզինցևի՝ 1957թ-ին արված հրաշալի էկրանավորումը, որտեղ դոն Կիխոտի դերում հանդես է եկել խորհրդային կինոյի լեգենդ Նիկոլայ Չերկասովը։ Վեպի ամերիկյան էկրանավորումների թվում ամենահիշարժանը Արթուր Հիլերի՝ 1972թ-ին նկարահանված «Մարդը Լա Մանչայից» ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերը կատարել են Փիթեր Օ’Թուլը և Սոֆի Լորենը։ 2000թ-ին դոն Կիխոտին անդրադարձել է բրիտանացի ռեժիսոր Փիթեր Յեթսը՝ «Վերջին ասպետը» ֆիլմով։

Սերվանտեսի վեպին առնչվող նախագծերից ամենասպասվածը, թերևս, Թերի Գիլիամի«Մարդը, ով սպանել է դոն Կիխոտին» ֆիլմն է, սակայն 1998թ-ից ի վեր ոչ մի կերպ ավարտին չհասցվող այս աշխատանքը վերջերս վերստին սառեցվել է՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Գիլիամը ծրագրում էր ֆիլմում նկարահանել Մայքլ Փեյլինին, Ադամ Դրայվերին և Օլգա Կուրիլենկոյին։

Նյութի աղբյուրը՝  kinoversus.com
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed