CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսին կներկայանա նաև Հայաստանը

.aravot.am-ը գրում է՝

Ս.թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Մոսկվայի «Expocentre» կենտրոնում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական նորաձևության «5900 BC» ապրանքանիշը կմասնակցի երրորդ անգամ՝ ներկայանալով իր չորրորդ՝ գարուն-ամառ 2017 հավաքածուով՝ «Summertime Dreams» խորագրի ներքո: Հավաքածուն կներկայացվի նաև նորաձևության ցուցադրությամբ: Մասնակից երկրների թիվը 33-ն է: Մոտ 20 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:

CPM միջազգային ցուցահանդեսին անընդմեջ մասնակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները: Այժմ հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ հետաքրքրված են Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշներն ու նորաձևության տները: Շատերն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու ընկերությունների արտադրական հնարավորություններին և քննարկելու համագործակցության ուղիներ: Նրանց հետ սերտ գործնական կապեր են հաստատվել: Առաջին պայմանագիրը կնքվել է տարեկան մոտ 30 հավաքածու թողարկող ռուսական ամենախոշոր ցանցերից մեկի և արտահանման առաջին փորձը կատարող հայաստանյան հագուստ արտադրող մի ձեռնարկության հետ՝ ստեղծելով երկարատև կայուն համագործակցության հեռանկարներ: Պատվերներ են տեղադրվել նաև Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի կողմից, որը պատրաստվում է ներկայացնել նոր հավաքածուն 2016թ. հոկտեմբերին Միլանում:

Այսպիսով ծրագիրը հնարավորություն է ստեղծում հայաստանյան արտադրողների համար աշխատել ԱՊՀ երկրների մասշտաբով ամենահայտնի նորաձևության տներից մեկի հետ և ներկայացնել Հայաստանում պատրաստված արտադրանքը աշխարհի նորաձևության կենտրոն համարվող Միլանում: Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման, իրավաբանական, մարկետինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: Բանակցությունները մյուս ցանցերի հետ ընթացքի մեջ են, ակնկալվում է, որ դրանք կհանգեցնեն երկարաժամկետ արդյունավետ համագործակցության:

«5900 BC» ապրանքանիշը ստեղծվել է 2014թ. սեպտեմբերին մեկնարկած ՄԱԱԶԿ (UNIDO) §Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով¦ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և միտված է Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը և զարգացմանը, հագուստ արտադրող ՓՄՁ-ների արդիականացմանը և արտահանման խթանմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կառավարության կողմից: Ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն, որոնք իտալացի և հայ փորձագետների աջակցությամբ մշակում և ստեղծում են նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ՝ ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան: Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում:   Մամլո հաղորդագրություն

Տարածել`
Share

You may also like...