Cartoon Non-Stop-ն իսկական համերգ-տոն է լինելու. Ս. Սմբատյան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին,  31-ին և հունիսի 1-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները։

«Մենք» առցանց մշակութային լրատվականի այն հարցին, թե ինչպես առաջացավ այս ծրագրի գաղափարը, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. « Եթե Hollywood Non-Stop-ով մենք նպատակ ունեինք դեպի դասական երաժշտություն ինտեգրել երիտասարդներին, ապա Cartoon Non-Stop-ն էլ ավելի է դրան նպաստում, քանի որ բոլոր այն երեխաները, ովքեր կգան համերգին իրենց ծնողների հետ, կհեռանան արդեն պատկերացում կազմած, թե ինչ է սիմֆոնիկ երաժշտությունը: Սա, իսկապես համերգ-տոն է, որտեղ ներկայացվելու են սիրված մուտֆիլմերի երաժշտություններ»:

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը». «Ալադդինը» և այլն։

_27.05.2014

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն իր խոսքում նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է կատարվել մուլտֆիլմերի ընտրությունը: «Երաժշտության ընտրությունը շատ բարդ գործընթաց էր, քանի որ կան շատ հրաշալի մուլտֆիլմեր, որ հարուստ չեն բազմերանգ սիմֆոնիկ երաժտությամբ, և հակառակը. կան շատ գեղեցիկ երաժշտություն ունեցողները: Մենք փորձել ենք այնպես անել, որ հնչեն ամենասիրվածների ու հայտնիների երաժշտությունները»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ իր կողմից հավելեց, որ մուլտֆիլմերի ընտրության հարցում իրենց օգնել են սոցցանցերում տեղադրված հարցման արդյունքները ևս: Բանախոսներն իրենց խոսքում նշեցին նաև, որ այս անգամ ևս կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով, որոնք էլ ավելի տպավորիչ կդարձնեն ունկնդրումը:

Աննա Տեր-Հովակիմյանը, խոսելով հանդիսատեսի մասին, կարևորեց այն, որ բացի այն երեխաներից, որոնք համերգին ներկա են գտնվելու իրենց ծնողների հետ, իրենց շատ է ոգևորում նաև այն փաստը, որ մայիսի 31-ին ՝ ժամը 14:00, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների տարբեր մանկատներից և անապահով ընտանիքներից: Վերջիններիս համար կկազմակերպվի ևս մեկ լրացուցիչ համերգ, որը կկրի բարեգործական բնույթ և կանցկացվի Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Ներկա լրագրողներին հետաքրքրում էր նաև այն, թե արդյոք նվագախմբին չի խանգարի համերգի ժամանակ դահլիճում գտնվող երեխաների աշխուժությունը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը պատասխանեց, որ իրենք, իհարկե, պատրաստ են երեխաների լուռ չմնալուն և հավելեց, որ այս ձևաչափում հանդիսատեսի հետ էմոցիոնալ շփումը շատ կարևոր է, այդ էր վկայում նաև Hollywood Non-Stop-ը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ դիրիժորը նախ ներկայացրեց, որ առաջիկայում իրենց սպասվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ փառատոնը, իհարկե տարբեր համերգներ արտերկրում և այլ նախագծերը ամռանը ևս: Իմիջիայլոց, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս տարի արդեն հայկական ֆիլմերը պրոպագանդող համերգային «non stop» ձևաչափով ծրագիր անցկացնելու ուղղությամբ, սակայն այս ամենի մասին կտեղեկացնենք առաջիկայում:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի
լուսանկարները՝ Թամարա Դոլաշյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Cartoon Non-Stop-ն իսկական համերգ-տոն է լինելու. Ս. Սմբատյան”

Leave a Reply

Your email address will not be published.