BridgingStories միավորում է հայ և թուրք լուսանկարիչներին

Ս.թ. հունվարի 24-ին Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) հարկի ներքո բացվեց լուսանկարների նոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են 5-ամսյա համատեղ նախագծի շրջանակում հայ և թուրք լուսանկարիչների կողմից արված լուսանկարներ: Ցուցահանդեսում ընդգրկված են 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներ, ովքեր հինգ ամիսների ընթացքում լուսանկարել են ուշագրավ դրվագներ, որոնք ներկայացնում են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով առկա նմանությունները:

«Այս ցուցահանդեսում համոզիչ և ուշագրավ է այն, որ շեշտադրված են ընդհանուր պատմությունները և դրանց հիմքում կա մի հիմնարար սկզբունք, որ այն ինչ միավորում է մեզ, շատ ավելին է, քան այն, ինչ բաժանում է մեզ: Տպավորիչ ու ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս ծրագիրը կամուրջներ կառուցում ծրագրի տաղանդաշատ հայ ու թուրք մասնակիցների, ինչպես նաև նրանց  աշխատանքները դիտողների միջև` լինեն դրանք  ցուցահանդեսի այցելուներ, թե ծրագրին ինստագրամում առցանց հետևողներ (#BridgingStories)»,  – ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ընթացող #BridgingStories կամ «Կամրջելով պատմությունները» ծրագիրն իրականացվել է «Պատմագիր» սրճարան կամ  Storyteller’s Café  հասարակական կազմակերպության կողմից: Այն վարել ու համակարգել են Անուշ Բաբաջանյանը և Սերա Ակջանը, իսկ ուսուցումների հարցում իր անգնահատելի ներդրումն է ունեցել National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:

#BridgingStories-ի մասնակիցները իրենց լուսանկարներից շատերը, որոնցում ակնհայտ են դառնում երկու երկրների երիտասարդների նմանությունները, հետաքրքրությունների և փորձի ընդհանրությունները,  զետեղում էին ինստագրամում՝ այդ կերպ ուշադրության արժանանալով ամբողջ աշխարհով մեկ: Այժմ ՆՓԱԿ-ում ցուցադրված է 72 լուսանկար, որոնք լավագույնս մարմնավորում են կամուրջներ ձևավորելու գաղափարը: Ծրագրի 24 մասնակիցները՝ 12-ը Հայաստանից և 12-ը Թուրքիայից,  ընտրվել են մրցութային հիմունքներով անցյալ տարվա ամռանը, ապա մասնակցել են ֆոտոլրագրության դասընթացի, որը տեղի ունեցավ 2016թ. օգոստոսին Դիլիջանում: Իսկ հայրենի բնակավայր վերադառնալուց հետո նրանք շարունակել են աշխատել միմյանց հետ, պ-ն Ստենմայերի, տ-ն Բաբաջանյանի և տ-ն Ակջանի հետ՝ հղկելու լուսանկարի միջոցով պատմություն ներկայացնելու իրենց հմտություններն ու կատարելագործելու իրենց պատկերները: Ապա մասնակիցները #BridgingStories  խորագրով ինստագրամում զետեղել են իրենց հայրենի գյուղի կամ քաղաքի առօրյան ու կյանքը ներկայացնող իրենց լուսանկարները և շարունակել կապը միմյանց հետ ու իրենց լուսանկարները դիտողների հետ՝ ողջ աշխարհում:

Լուսանկարների այս ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում (հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3) կգործի 2017թ. հունվարի 24-ից մինչև փետրվարի 7-ը, մուտքը ՝ անվճար:

 

Մամլո հաղորդագրություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed