BAMA Awards-ի կազմակերպիչը «տեղն է դրել» հայկական երգի շուրջ սկանդալ ստեղծած ադրբեջանցի երգչուհուն

Գերմանիայում օրերս կայացած Daf BAMA  Music  Awards-ի մանրամասներին Nws.am Style-ն արդեն անդրադարձել է: Խոսել ենք այն մասին, որ The Best Armenian Male Act մրցանակը ստանալիս Անդերն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայստանի և Արցախի իր երկրպագուներին, ինչը բարկացրել է մրցանակաբաշխությանը ներկա ադրբեջանական պատվիրակությանը՝ ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի, որն էլ իր հերթին մրցանակ ստանալիս որոշել է հետ չմնալ և նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

 

Թեմայի շուրջ զրուցել էինք Անդրեի հետ, որը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի երգչուհու բարկությունն ավելի խորը պատճառներ ունի.

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր երգիչը:

Անդրեի այս հարցազրույցից հետո «Սարի աղջկա» թեմայով սկանդալը շարունակվեց Vesti.az կայքում, որին տված հարցազրույցում Կազիմովան նշել էր.

«Ամբողջ աշխարհն ընդունում է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է: Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա: Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ: Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները»:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, թե Անդրեն (որին սխալմամբ Սիրուշո էին անվանում) պատրաստվում էր երգել «Սարի աղջիկ» երգը, սակայն իրենք դիմել են կազմակերպիչներին` պնդելով, որ վերջիններս փոխեն հայ երգչի երգը, ինչի արդյունքում էլ, իբր, Անդրեի երգը փոխվել է: Սակայն մեր ունեցած տեղեկություններով` Անդրեն հենց սկզբից էլ որոշել է մրցույթին ներկայանալ «Հում-հեյ» երգով, որի համար երգիչը, նույնիսկ, հատուկ շոու էր պատրաստել:

Ինչեւէ, ադրբեջանական մամուլում տիրող ապատեղեկատվությունը զսպելու համար NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Daf BAMA Music Awards-ի կազմակերպիչ Ռոյա Նադիի հետ.

«Նախ նշեմ, որ իսկապես հրաշալի շոու ծրագիր ենք ունեցել, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մոտ 30 երգիչներ: Այս փաստը մրցանակաբաշխությանը հատուկ կարեւորություն է փոխանցում: Ինչ վերաբերում է հայ երգիչների` Անդրեի եւ Սիրուշոյի երգերին, կարող եմ հաստատել, որ մենք երգերը նախապես ընտրել ենք մրցանակաբաշխությունից երեք շաբաթ առաջ: Երգերի ընտրության վերջնաժամկետը հենց այդ ժամանակ է եղել եւ մենք ոչ մի փոփոխություն այնտեղ չենք մտցրել: Մենք ներկայացնում ենք միջազգային մրցանակաբաշխություն եւ հարգում ենք բոլոր երկրների մշակույթն ու կրոնը եւ համոզված ենք, որ համերգին մասնակցած յուրաքանչյուր արտիստ հարգում է այս փաստը»:

Տարածել`
Share

You may also like...