90-նն ի՞նչ է, կապրեիր, էլի. այսօր Ֆրունզը կդառնար 90 տարեկան

Հրապարակախոս և գրող Հովհաննես Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«90-նն ի՞նչ է, կապրեիր, էլի:
Կապրեիր, եթե քո տանը, քո կողքին ունենայիր ո՛չ թե քո հեղինակությունը, այլ ՔԵ՛Զ սիրող կնոջ: Չունեցար… Եւ երբ Վահագն տղայիդ հետ (մենա՜կ, անօգնակա՜ն) վերադարձար Փարիզից, ուր Վահագնի բուժմանը հույս չէին տվել, դու ջարդված էիր արդեն, եւ մենք կորցրեցինք քեզ: Իսկ դու ընդամենը 63 տարի էիր հասցրել վայելել այս արեւի լույսը:
Հիմա, իմ հպարտություն, իմ տխրություն ԱՐՏԻՍՏ, ծննդյանդ 90-ամյակին ի՞նչ նոր ասելիքով քեզ շնորհավորեմ: Ի՞նչ նոր բան պիտի ասեմ, եթե արդեն քեզ նվիրված երկու վավերագրական ֆիլմի եւ 4 գրքի հեղինակ եմ, ու այնտեղ ամեն, ամեն ինչ ասված է:
Քեզանով հպարտ լինողի ուրախությունս հայտնելու պահին նաեւ նեղվածությո՞ւնս կիսեմ քեզ հետ, թե ինչպես քո ծննդյան 80-ամյակը (2010թ.) «չնկատեց» կամ չուզեց նկատել այն ժամանակվա մեր մշակույթի վայ նախարարը: «Չնկատեց» նաեւ, երբ լրացավ քո ծննդյան 85-ամյակը (2015թ.): Նա՝ այդ նախարարը, պարզապես ստվեր էր քեզանից ճառագող լույսերի մեջ: Բայց, հուրախություն ինձ ու շա՜տ շատերի, քո լույսերի մեջ քեզանով հպարտ շատ, չափազանց շատ ազնիվ մարդիկ կային: Մեկը «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտինը (լույս նրա արդար շիրիմին), ով քո ծննդյան 85-ամյակի օրը սիրով ընդունեց քեզ նվիրված ֆիլմերի ու գրքերի համահեղինակներ ինձ ու Շուշանիկ Սահակյանին, զարմացավ, թե՝ ինչո՞ւ միայն ձեր արած գործերով պիտի նշվի «մեր սիրելի, մեր ազգի պարծանք Ֆրունզի հոբելյանը» եւ սիրահոժար տրամադրեց կինոթատրոնի 450 տեղանոց դահլիճը, ուր ցուցադրեցինք «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» մեր ֆիլմը:
Դա, ԱՐՏԻՍՏ սիրելի, մեր խնկարկումն էր քո պայծառ հիշատակին: Քո լույսերից ավելի պայծառացած ու քեզ չափազանց բարձր գնահատող նկատելի համբավ ունեցող շատ մարդիկ էին եկել «քեզ հետ հանդիպելու» «Մոսկվա» կինոթատրոնի այդ դահլիճում: Նրանք տեսան, զգացին քո ներկայությունը, տեսան՝ ինչպես դու էկրանից բարեւեցիր իրենց, ինչպես էկրանից իջար ու մեզ միացար, եւ բոլորով նայում էինք քեզ, հիանում էինք քեզանով, պարծենում, թե ԱՐՏԻՍՏԻ հետ շփվելու ի՜նչ զմայլելի պահեր ենք ապրում:
Ուրեմն ի՞նչ նոր բան գրեմ, ԱՐՏԻՍՏ, որ չկրկնեմ 2010 թվականից քո մասին բոլոր, բոլոր գրածներս: Այդ թվականից առաջ էլ, երբ ուզում էի մի նկատելի վերաբերմունքով շնորհավորանք ունենալ քո ծննդյան 80-ամյակին, ես շատ երկար որոնեցի է՜ն ուրիշ Ֆրունզիկին: Որոնեցի ընկերների հետ ունեցած քո զրույցներում, նկարիչների տան հարեւանությամբ գործող սրճարանում, ուր սիրում էիր այցելել մանվանդ հյուրախաղերից վերադառնալուց հետո: Որոնեցի բուհերում, մշակույթի սրահներում քո արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մնացած ձայնագրություններում… Իմ այդ փնտրտուքի մեջ են ծնվել քեզ հետ իմ ունեցած կենդանի (երանի այն մի քանի առիթներին, որ քեզ հետ շփվելու պատիվն ունեցա) եւ արդեն, ավաղ, վիրտուալ զրույցները: Դրանց հենքի վրա էլ ստեղծվեցին քեզ նվիրված ֆիլմերն ու գրքերը:
Գուցե հիմա ուրախությո՞ւնս հայտնեմ, թե ֆեյսբուք կոչված այս հարթակում մի ամբողջ ամիս է արդեն քո արվեստի երկրապագուներն ի՜նչ հրավառություն են անում՝ «Մհեր Մկրտչյանի 90-ամյակին ընդառաջ» ընդհանուր խորագիրն ունեցող իրենց երախտագիտության խոսքերով, քեզ նվիրված պատկերապատումներով:
Քո՛ անունից, ԱՐՏԻՍՏ, շնորհակալ լինեմ նրանց բոլորին:
Եւ հիմա, քեզ ու ընթերցողներիս չհոգնեցնելու համար, ավարտեմ այս պահի ասելիքս՝ վերհիշելով քեզ նվիրված «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» մեր ֆիլմի ցուցադրումներից մեկի ընթացքում թղթակցի հարցին իմ մեկ նախադասությամբ տրված պատասխանը: Թղթակիցն ինձ հարցրեց.
-Ո՞վ է Ձեզ համար Մհեր Մկրտչյանը:
-Իմ հպարտությունը եւ… իմ տխրությունը,-ասացի ես եւ … ավելի տխրեցի:
Շնորհավոր ծնունդդ, իմ հպարտություն, իմ սիրելի ԱՐՏԻՍՏ:
Երանի քեզ, որ այսքան շատ երկրպագու ունես»:

 

 

Ստորև ներկայացնում ենք նաև հեղինակի կողմից գրված չափածո հիշողությունը.

Դու, թվում է, ապրեցիր շատ
Մի կյանքից շատ այս աշխարհում`
Քո կյանքն ի՞նչ էր` մի ակնթարթ,
Որն անց կացավ
Քո չունեցած մանկությունով`
Գյումրու խղճուկ բակերի մեջ…
Մնացածը… զարմանք բան էր…
Զարմանք բան էր արահետը,
Որ ակումբով սկիզբ առավ
Ու քեզ տարավ մեծ բեմերի,
Մեծ ֆիլմերի ճանապարհով,
Բայց Արտիստի լեցուն կյանքդ
Էլի տևեց մի ակնթարթ…
Մնացածը… զարմանք բան էր…

Հովհաննես Պապիկյան

Տարածել`
Share

You may also like...