«ВСЁ НОВОЕ — ЭТО ХОРОШО ЗАБЫТОЕ СТАРОЕ». Գայանե Ասլամազյան

Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի անձնական դերձակ Ռոզի Բերթեն, մի անգամ վերանորոգում է թագուհու զգեստներից մեկը և ցույց է տալիս տիրուհուն: Մարիա Անտուանետան ուրախությամբ ընդունում է այն և հենց այդ ժամանակ էլ դերձակ Բերթեն գնահատելով զգեստի տեսքն ասում է. «Նորը, լավ մոռացված հինն է»,- որը հետագայում ենթարկվելով որոշակի փոփոխության հնչում է այսպես` «Ամեն նոր բան, լավ մոռացված հինն է»: Ասվածի հետ համակարծիք է նաև դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը:

Զրուցելով աստղի հետ, պարզել է, թե ինչպիսի՞ պայուսակներ է կրում սիրելի հերոսուհին և ի՞նչ պարունակությամբ, ինչպես նաև՝ իմացել է նրա պատկերացումները նորաձևության վերաբերյալ:

– Ի՞նչ նշանակություն ունի պայուսակը Գայանե Ասլամազյանի համար` զարդարանքի միջո՞ց, անհրաժեշտությո՞ւն, թե՞ սովորույթ:

-Անհրաժեշտություն և զարդարանքի միջոց ավելի շատ, քան սովորություն: Որովեհետև ավտոմեքենան երբեմն փոխարինում է պայուսակին, այդ պարագայում կարողանում եմ փոքր պայուսակ վերցնել: Իսկ առհասարակ ես սիրում եմ մեծ պայուսակեր, որտեղ կարող եմ տեղավորել շատ իրեր:

Սովորաբար ի՞նչ չափերի են Ձեր պայուսակները:

-Ամենափոքր պայուսակիս մեջ կարելի է տեղավորել շրթներկ և շատ տանջվելու դեպքում` նաև ավտոմեքենայի բանալիները:

-Քանի՞սն են Ձեր պայուսակները և ի՞նչ երանգների մեջ կարող եք բնորոշել դրանք:

-Ինչպես արդեն ասացի, ինքս շատ սիրում եմ պայուսակներ և դրանք շատ-շատ են, չնայած եթե անկեղծ ասեմ, ապա սիրվածները քիչ են: Նույնիսկ լինում են պահեր, երբ հասկանում եմ, որ հագուստիս այդքան էլ համահունչ չէ այն պայուսակը, որը տվյալ պահին վերցրել եմ, սակայն ընտրում եմ դա միայն այն պատճառով, որ շատ եմ սիրում: Նախընտրում եմ բոլոր գույներն ու երանգային լուծումները: Սահմանափակումներ առահասարակ չունեմ, պարզապես պետք է հաշվի առնել, թե որ սեզոնի համար է այն անհրաժեշտ:

Կբացահայտե՞ք մեր ընթերցողների համար Ձեր պայուսակի մշտական պարունակությունը:

-Բացի դրամապանակը, մշտապես ինձ հետ են իմ ակնոցը, խոնավ անձեռոցիկը, կոսմետիկայի պարագաները, թեև դրանցից շատ քիչ եմ օգտվում, և իհարկե, երբեք չեմ մոռանում իմ սիրելի օծանելիքը:

-Երբ մեկնում եք ծովափ, այն ո՞ր երեք իրերն են, որ չեք մոռանում դնել ճամպրուկի մեջ` առանց որոնց չեք կարող դիմանալ հանգստյան օրերին:

-Օ, հիմա այնքան են փոխվել ժամանակները, որ չկա այդպիսի բան, որ եթե չես վերցրել քեզ հետ, ապա չես կարող ձեռք բերել այնտեղ: Կարծում եմ ծովափ մեկնելու համար պարտադիր կվերցնեմ իմ լողազգեստն` իր բոլոր հարմարանքներով, գլխարկն ու ակնոցը:

Դուք համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ երջանիկ մարդիկ կրում են փոքր պայուսակներ:

– Զարմանալի կլիներ, որ երջանկության չափը ըստ պայուսակի սահմանվեր: Ես չեմ կապում երջանկությունը պայուսակի հետ և այդ նույն սկզբունքով կարող եմ ասել, որ ինչքան մեծ է պայուսակն, այնքան երջանիկ է մարդը:

Որքա՞ն ժամանակ եք հատկացնում գնումներին:

-Բնավորությամբ լինելով զուսպ մարդ՝ երբեք չի եղել, որ շատ ժամանակ հատկացնեմ գնումներին: Իմ առօրյան մշտապես շատ ծանրաբեռնված է և «շռայլել» ժամանակը պարզապես շոփփինգի համար իմ ապրելակերպը չէ: Ես գնումների եմ դուրս գալիս կոնկրետ իմանալով ինչ է պետք և որտեղից կարող եմ այն ձեռք բերել: Այլ բան է, եթե խոսքը նվեր ընտրելու մասին է: Այ դա շատ եմ սիրում և մեծագույն հաճույքով եմ դուրս գալիս այդիպիս գնումների: Սա նաև հետաքրքիր ժամանցի ձև է:

-Ասում եք, որ քիչ ժամանակ եք ունենում գնումներով զբաղվելու համար, կցանկանայի՞ք արդյոք ունենալ ՀԱՏՈՒԿ ԳՆՈՐԴ, որը կզբաղվեր գնումներով:

-Լավ մտահաղացում է, ինձ դուր եկավ: Պարզապես այս դեպքում մենք խոսում ենք այլ իրականության մասին: Եթե ես լինեի այլ երկրի հաղորդավարուհի, որտեղ ընդունված է այդ կուլտուրան, իհարկե կցանկանայի, սակայն մեր ազգամտածողությանն ու կենսակերպին դեռ բնորոշ չէ այդ մշակույթը, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր կյանքն էլ զարդարված լինի այդպիսի գեղեցիկ սովորույթներով:

Որքա՞ն դրամ է ծախսում Գայանե Ասլամազյանը արտաքին հարդարանքի վրա:

-Օ, ես երբեք չեմ հաշվում, թե որքան եմ ծախսում: Իհարկե, կա դրամի որոշակի չափը, որը նախատեսում եմ այս կամ այն բանին, բայց ամենօրյա ծախսերն երբեք չեմ հաշվում: Գուցե ինձ համարեք շռայլ մարդ, բայց ես ադպիսինն եմ` սովորություն չունեմ ծախսված դրամները հաշվել:

Դիմահարդարման կամ կոսմետիկայի մեջ առհասարակ, ո՞ր իրն է ավելի հաճախ վերջանում:

-Ամենահաճախ վերջացող կոսմետիկ միջոցը շրթներկն է: Շատ հաճախ ես սիրում եմ լինել առանց դիմահարդարման, բայց այս դեպքերում էլ դարձյալ շրթներկի մասին չեմ մոռանում: Չորացած շուրթերն այնքան էլ կոկիկ չեն: Իսկ շրթներկի թեթև երանգը ամբողջացնում է կնոջ արտաքինը:

-Պատկերացրեք Դուք շտապում եք որևէ կարևոր իրադարձության և ճանապարհին պատահաբար սայթաքում եք և վայր եք ընկնում: Արդյունքում կոտրվում է Ձեր կոշիկի կրունկը… Ի՞նչ կանեք.

  1. Կարտասվեք
  2. Կզանգեք Ձեր ծանոթներից որևէ մեկին
  3. Ոտաբոբիկ կգնաք
  4. Մոտակա խանութից կգնեք նոր կոշիկներ
  5. Հաջորդ օրը կգնաք այն խանութը, որտեղից գնել եք այդ կոշիկները և կբողեք, որ վատորակ կոշիկներ են վաճառել:

-Կարծում եմ մի տարբերակ կա, որ դուք հաշվի չեք առել: Ես ավտոմեքենայիս մեջ մշտապես ունենում եմ տարբեր ոճերի մի քանի զույգ կոշիկ և այդպիսի դեպքերում, ես պարզապես կփոխեմ իմ կոշիկները և վերջ: Բայց եթե դուք շատ եք ցանկանում, որ ես լինեմ էքստրեմալ վիճակում, ապա պատասխանեմ, որ կյանքում նման դեպքերի ես շատ եմ հանդիպել, նույնիսկ նման բան տեղի ունեցավ արտասահմանում, երբ հրավիրված էի միջոցառման և այդ օրվա համար նախատեսված զգեստը պարզապես մնաց արդուկի վրա: իհարկե հետո այլ տարբերակներ գտանք, բայց հավատացեք, որ նման դեպքերում իմ վերաբերմունքը ծայրաստիճան հանգիստ է: Ես երբեք չեմ նյարդայնանում, սթրեսների մեջ չեմ ընկնում և կոշիկի կոտրվելը չի կարող անդրադառնալ իմ տրամադրության վրա: Վերջին հաշվով կարող եմ առանց կոշիկների գնալ` երկար զգեստի տակից կարծում եմ չի էլ երևա, որ ոտաբոբիկ եմ:

-Եթե ուղիղ եթերում անզգուշությամբ Ձեր վերնաշապիկի վրա թափեք սուրճ, ապա`

  1. Հաղորդման ժամանակ անընդհատ կփորձեք արդարանալ, թե ինչու է Ձեր վերնաշապիկը կեղտոտվել: Եվ այդ եթերը կնվիրեք սուրճին:
  2. Կշարունակեք, կարծես թե ոչինչ էլ չի եղել:
  3. Առաջին գովազդային ընդմիջման ժամանակ անմիջապես կզգեստափոխվեք:
  4. Կիսատ կթողնեք եթերը և կհեռանաք:
  5. Կհայտարեք, որ Հրանտիկ փղիկի մահվան պաճառով այսօրվա եթերը համարում ենք փակված:

-Վերջին տարբերակը կարծում եմ իմ շատ սիրելի գործընկերներից մեկի ոճն է: Կընտրեմ առաջին տարբերակը՝ կատակելով կփորձեմ պարբերաբար մեզ միացող ունկընդրին բացատրել, թե ինչու է իմ վերնաշապիկը կեղտոտ և ինչու եմ «խոզուկի» նման հայտնվել եթերում:

Տղամարդկանց օծանելիքների ինչպիսի՞ բույրեր եք նախընտրում :

-Նույնսիկ կանացի բույրերի դեպքում չեմ սիրում և չեմ ընկալում քաղցր հոտերը, տղամադրականցն` առավել ևս: Նախընտրում եմ ավելի կոպիտ հոտեր, նույնիսկ դառը, հատկապես աշուն-ձմեռ սեզոնին:

-Ո՞վ է Ձեր սիրելի դիզայները:

Elie Saab:

Ձեր կարծիքով` ո՞վ է շոուբիզնեսում ամենաճաշակով կամ ամենաանճաշակ անձը:

-Մեծ հաշվով մենք մեր մոդելավորողների ձեռագիրն ենք, և ես անկեղծորեն շատ հավանում են նրանց: Հավատացե’ք, որ նրանք ոչ մի բանով չեն զիջում արտասահամանյան դիզայներներին, պազապես այստեղ շուկայի հարցն է: Ուստի թույլ տվեք տարանջձատումներ չանել: Նրանք բոլորն էլ տարբեր ձեռագրեր ունեն և ինքնատիպ մտածողություն: Եվ տարբեր առիթների համար ես դիմում եմ տարբեր դիզայներների:

-Ո՞րն է նորաձևության Ձեր սահմանումը:

-Մոդայի վերաբերյալ կա մի արտահայտություն, որը ես շատ սիրում եմ` «Всё новое — это хорошо забытое старое»: Դարեր շարունակ դասական նորաձևությունը մնացել է հաստատուն և հիմքում ունենալով այդ կլասիկի ընկալումը` ժամանակակից հագուստների դեպքում էլ կարելի է ճիշտ համադրել ցանկացած հագուստ, կրել համապատասխան վայրում և լինել նորաձև: Մարդն ինքը պետք է հասկանա, որ զգեստը նաև պետք է լինի հարմարավետ, չկաշկանդող, այլապես այդ դիսկոնֆորտը շատ լավ նկատվում է շրջապատում, և անիմաստ լարվածություն ես զգում:

Ունե՞ք նախընտրած հստակ ոճ, թե՞ ոճային լուծումները կապված են սեզոնի հետ:

– Թեև իմ սիրելի ոճը դասականն է, այնուամենայնիվ սահմանափակումներ չեմ դնում իմ առջև և պատկերացրեք, որ մաշված ջինսերից սկսած կարող եմ կրել` նայած, թե որտե՞ղ եմ գտնվում և ի՞նչ առիթով:

-Որո՞նք են Գայանե Ասլամազյանի սիրելի գույները:

-Օ, ես սիրում եմ բոլոր գույները և չեմ առանձնացնում դրանք: Բոլորն էլ հրաշալի են և ինձ լավ եմ զգում նրանցից յուրաքանչյուրում:

-Որքա՞ն է տևում Ձեր հագուստի ընտրությունը և ունե՞ք հատուկ ոճաբան, որը զբաղվում է Ձեր հագուստներով:

-Ոճաբաններիի հետ հիմնականում աշխատում եմ ֆիլմերի շրջանակում, իսկ հաղորդումների համար ինքնուրույն եմ ընտրում, թե ինչ պետք է հագնեմ: Ժամանակի առումով հագուստ ընտրելն ինձ համար հեշտ է և հաճելի: Պարզապես ուշադրություն եմ դարձնում, թե նախորդ եթերում ինչ գույներ եմ կրել և կրկնությունից խուսափելու համար՝ հաջորդիվ ընտրում եմ այլ գույներ:

Զրուցեց Վարդ Գիշյանը

Հարցազրույցը  վերահրապարակվում է՝ անմիջապես հեղինակի աշխատանքային արխիվից

Նյութը կարող եք կարդալ նաև այստեղ

Տարածել`
Share

You may also like...