43 տարվա թափառումից հետո Երևանի մնջախաղի թատրոնն իր տանիքն ունեցավ

Գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի պաշտոնավարման շրջանում՝ 20, դրանից առաջ` ևս 23 տարի. Երևանի մնջախաղի պետական թատրոնն ապրում էր իր տանիքն ունենալու երազանքով:« Կա′մ պետ ք է լուծարել ձեզ, կա′մ պետք է լուծել ձեր տարածքի հարցը». թատրոնի տարեկան հաշվետվության ժամանակ երեկ հայտատարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ Ժիրայր Դադասյանին ու Մնջաղաղի թատրոնի բոլոր մյուս աշխատակիցներին փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին «ժամադրելով» Երևանի դրամատիկական թատրոնի շենքի առջև՝ ասելով. «անակնկալ ունենք»: Մինչ անակնկալի գաղտնազերծումը, «ժամադրությանը» ճիշտ ժամին ներկայացած Դադասյանն ասաց, որ զանգ է ստացել, ինչ-որ մեկը հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ Դրամատիկական թատրոնը լուծարում ու շենքը ձեզ են նվիրում: Հետաքրքրասեր բաժանորդը սխալվել էր. մշակույթի նախարարի խոստացած անակնկալը Դրամատիկի հետ կապված էր միայն այնքանով, որքանով նույն շենքին կից է:
«Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին: Սա երկար սպասված այն օրն է, երբ ՀՀ նախագահի հանձնարարականով, Գրապալատի մինչ օրս զբաղեցրած տարածքը տրամադրվում է Մնջախաղի պետական թատրոնին»,-արդեն Գրապալատի մուտքի մոտ «երազանքի բանալին» հանձնելով Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ասաց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

«Ցնցված եմ այս ամենից, որովհետև 20 տարի՝ ամեն օր ես խոսում եմ այս մասին, և չէի կարող անգամ ենթադրել, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում կլուծվի այս բարդ խնդիրը: Սա ապացույցն է այն բանի, որ իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, երբ պրոֆեսիոնալները հայտնվում են իրենց տեղում,-ասաց Դադասյանը՝ վստահեցնելով,- Մենք այնպես կաշխատենք, որ մեկ ուրիշին նման անակնկալ մատուցելիս մշակույթի նախարարն ասի՝ կգա՛ք Մնջախաղի թատրոնի շենքի մոտ»:
Երջանիկ մնջախաղցիներին, նախարարին ու լրագրողներին շենքի ներսում դիմավորեցին Գրապալատի՝ ոչ միայն առայժմ ավերակ հիշեցնող տարածքը, այլև իրենց ճակատագրով մտահոգ աշխատակիցները:

«Բոլոր գործառույթները կպահպանվեն, դրանց կգումարվեն նաև թվայնացման աշխատանքները: Գրապալատը միավորվում է Ազգային գրադարանին՝ որպես առանձին ստորաբաժանում»,-նրանց անհանգստությունը փարատեց Արմեն Ամիրյանը՝ վերջիններին խոստանալով նման տոնական բնակարանամուտ Ազգային գրադարանում, որտեղ կաշխատեն անհամեմատ լավ պայմաններում:

 

Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed