«Հյուսիս-հարավ» կատակերգությունը մեծ էկրաններին է

«Sharm pictures»-ի «Հյուսիս-հարավ» արկածային կինոկատակերգությունը սեպտեմբերի 10-ից հայկական կինոթատրոնների էկրաններին է:

«Սա կոմեդիա է, ֆիլմ է՝ ժամանակ անցկացնելու համար, մենք փորձել ենք այս ֆիլմի միջոցով մեր հանդիսատեսին փոխանցել դրական էներգիա. ուրիշ լուրջ գաղափարներ չի կրում, պարզապես ընկերասիրություն, ջերմություն»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը:

Միաժամանակ նշելով, որ բազմաթիվ ֆիլմեր կան, որոնց վրա իրենք աշխատում են՝ «Վերադարձ», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա տարեվերջին,Դավիթ Բաբախանյանն ասաց, թե իրենք չեն դավաճանում իրենց սկզբունքին և ստեղծում են նաև կատակերգություններ:

«Կյանքն այնքան տխուր է այսօր և այնքան խնդիրներ կան, որ անպայման պետք են նմանատիպ ֆիլմեր, որպեսզի մենք լիցքաթափվենք»,-ասաց ռեժիսորը:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Աշոտ Աբրահամյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը: Ֆիլմում նկարահանվել են Արթուր Կարապետյանը, Սոս Ջանիբեկյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Թովմասյանը, Մարջան Ավետիսյանը, ՀՏ Հայկոն, Միշոն, Սոնա Շահգելդյանը, Էվա Խաչատրյանը և ուրիշներ:

Ֆիլմի բյուջեն կազմել է 400 հազար ԱՄՆ դոլար:

«Հյուսիս-Հարավ» ֆիլմում լայնածավալ անիմացիոն դրվագներ կան, որոնք իրականացրել է «Mosh graphics» ընկերությունը:

«Ինչպես յուրաքանչյուր ռեժիսոր, ես էլ սպասում եմ, որ հանդիսատեսը գա, տեսնի և գնահատի ֆիլմը»,-ասաց ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը:

Հայաստանյան կինոթատրոններում ֆիլմը ցուցադրելուց հետո այն կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հյուսիս-հարավ» կատակերգությունը մեծ էկրաններին է”

Leave a Reply

Your email address will not be published.