20-րդ դարի գույնի երևելի վարպետ. Մարտիրոս Սարյան

armhandmade.blogspot.nl-ը ներկայացնում է՝

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29 – ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:

1895 թվականին Սարյանը ավարտեց Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Մարտիրոսը աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
1910-ական թվականների առաջին կեսերին Սարյանը համարձակ նորարար էր: Նա վարպետորեն զուգակցեց Արևելքի գեղանկարչական ավանդները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր միտումների հետ: Սարյանը ճանաչում ստացավ Ռուսաստանում:
Նրա նկարները ձեռք բերեց Տրետյակովյան հայտնի պատկերասրահը, մի քանիսն էլ ցուցադրվեցին Եվրոպայում:
1921 թվականին Սարյանը բնակություն հաստատեց Հայաստանում, նպատակադրվելով իր արվեստը նվիրաբերել հարազատ ժողովրդի վերածնման գործին: Եվ չնայած խորհրդային երկրի գաղափարախոսությունը որոշակի դժվարություններ էր առաջացնում ստեղծագործության ազատ զարգացման համար Սարյանը հավատարիմ էր մնում իր ոճի սկզբունքներին, իր աշխարհընկալմանը:
Նախկինում մշակված նրա տեխնիկական միջոցները և արտահայտչական ձևերը հարստացան նոր բովանդակությամբ:
Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Սարյանն իր ստեղծագործություններում հաստատում է հավերժական, համամարդկային արժեքներ, ստեղծելով` բարձրարվեստ գործեր: Սրանում է նրա ժառանգության համաշխարհային նշանակությունը:
«Գույնը – իրական հրաշք է, – ասում էր նկարիչը: – Արևի լույսի զուգակցմամբ այն ստեղծում է ձևի ներքին բովանդակությունը, արտահայտում տիեզերային կեցության էությունը»:
Վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում, հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն:
Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը միշտ բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը:
Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed