Ամփոփվել է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի արդյունքները. լուսանկարներ

Երևանից և հանրապետության տարբեր մարզերից հարյուրավոր ուսուցիչներ    հավաքվել են «Զանգակ»  գրատանը՝ մասնակցելու «Տաթև» գիտակրթական համալիրում վերապատրաստված ուսուցիչների ամփոփիչ միջոցառմանը, որի ընթացքում էլ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչները կստանան իրենց հավաստագրերը։

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը  հինգ տարին մեկ պարտադիր է դպրոցում դասավանդող յուրաքանչյուր ուսուցչի համար։ Ուսուցիչը պետք է ստանա առնվազն 9 կրեդիտ, որպեսզի համարվի ատեստավորված։ 110 ժամ տևողությամբ դասընթացի արդյունքում կարելի է վաստակել առավելագույնը 11 կրեդիտ։

«Մանկավարժներն այսօր ստանում են հավաստագրեր, որտեղ նշված են նրանց ստացած կրեդիտները։ Բայց ես ուրախ եմ արձանագրելու, որ եթե վերապատրաստման մեկնարկին շատերն էին հարցնում կրեդիտների մասին, մտահոգված էին, թե քանի կրեդիտ կստանան, այսօր այդպիսի հարց չի հնչում փոխվել է վերապատրաստման նկատմամբ վերաբերմունքը, ուսուցիչների համար կարևոր է դարձել, թե ինչ գիտելիքներով են մտնելու դասարան,  ինչ մոտեցումներ են կիրառելու։ Վերապատրաստումը իմիջիայլոց, պարտավորված չի անցել, սակայն նման վերաբերմունքն ակնհայտ էր վերապատրաստումներից առաջ»,— իր խոսքում նշեց ««Տաթև» գիտակրթական համալիրի» տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

««Տաթև գիտակրթական համալիրում» այս տարի վերապատրաստվել է շուրջ 800 մանկավարժ հանրապետության տարբեր  մարզերից, հեռու ու մոտ բնակավայրերից։  Դասընթացը կազմակերպվել է բոլոր առարկաներից՝ առկա–հեռավար և հեռավար ձևաչափերով։ Վերապատրաստումից  առաջ և հետո հատուկ թեստերի միջոցով ստուգվել է մանկավարժների իմացության մակարդակը տարբեր առարկաներից, իսկ դասընթացի ավարտին յուրաքանչյուր մանկավարժ ներկայացրել է իր հետազոտական աշխատանքը։ Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԲՈԿ–ի ցանկում ընդգրկված  «Մանկավարժական միտք» ամսագրում։

«Սովորելու հնարավորությունը նվեր է։ Ես այս բառերի իմաստը հասկացա այս վերապատրաստման ընթացքում։ Մեր դպրոցի կոլեկտիվը որոշեց անպայման վերապատրաստվել «Տաթև»-ում, քանի որ չափազանց կարևոր է, թե ով է  դասավանդելու մեզ՝ դասավանդողներիս։ Սոկրատ Մկրտչյան, Կարինե Չիբուխչյան, Կարինե Թորոսյան․․․ Սրանք անուններ են, որոնք դասվարներիս շատ բան են ասում։ Շատ կարևոր է նաև, որ վերապատրաստողները դասագրքերի հեղինակներ են։ Այսօր կարող ենք արձանագրել, որ շատ ճիշտ էր մեր ընտրությունը»,— նշում է Երևանի Ն Աղբալյանի անվան հ 19 հիմնական  դպրոցի դասվար Վեներա Փարսադանյանը։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են նաև հատուկ կարիքներ ունեցող ուսուցիչներ, որոնց ներկայությունն իսկ խմբում ավելի առարկայական ու գործնական  են դարձրել ներառական կրթության դասերը։ Ամփոփիչ հարցումներում ուսուցիչները նշել են, որ շատ նոր բան են վերցրել հոգեբանության և օրենսդրության  վերապատրաստումներից, ու առաջարկել հետագայում ավելացնել այդ առարկաների դասաժամերը։

«Այս ամիսների ընթացքում մենք ոչ միայն վերապատրաստեցինք ուսուցիչներին, այլև գնահատեցինք նրանց կարիքները։ Որպես վերապատրաստող կազմակերպություն՝ այսօր մենք շատ առաջարկներ ունենք ու ներկայացնելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի ներառվեն հաջորդ վերապատրաստումների ծրագրում։ Մյուս վերապատրաստումների ժամանակ մեր մոտեցումների մեջ էլ ուսուցիչների շահերից բխող էական փոփոխություններ կլինեն, քանի որ հստակ տեսանք բացերն ու թերությունները։ Վերապատրաստումները ավարտվել են, բայց ուսուցիչների հետ մեր կապը շարունակական է լինելու։ Նրանք արդեն «Տաթև»–ի թիմում են, ու նրանց միջոցով ենք փորձելու աշխարհում ընդունված նոր մեթոդները տարածել բոլոր դպրոցներում»,— իր խոսքը եզրափակեց Սոկրատ Մկրտչյանը։

 

 

 

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

September 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930