1920 թվականի հունվարի 31-ին բացվեց Հայաստանի պետական համալսարանը. լուսանկար

100 տարի առաջ այս օրը, 1920 թվականի հունվարի 31-ին, Ալեքսանդրապոլում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի պետական համալսարանը

Դեռևս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած երկրում տիրող դժվար պայմաններին, այդ հարցը կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում հրատապ կարգով անհրաժեշտ էր ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձևավորելու նախադրյալներ: Երևանում այդ պահին ազատ շենքային պայմաններ չլինելու պատճառով (նախատեսվող ուսուցչական սեմինարիայի շենքում, Աբովյան փողոցի վրա, այդ պահին տեղակայված էր Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի մեծ որբանոցը)՝ որոշվեց Համալսարանի աշխատանքները ժամանակավորապես կազմակերպել Ալեքսանդրապոլի (Գյումրի) առևտրային ուսումնարանի շենքում (լուսանկարում):

 

                                                                  Ալեքսանդրապոլ, Հայաստանի պետական համալսարանի շենքը

Ալեքսանդրապոլում Հայաստանի պետական համալսարանը մեծ շուքով և հանդիսավորությամբ բացվեց 1920 թվականի հունվարի 31-ին: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ: Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից, որոնց թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ գնդապետ Ուիլյամ Հասկելը՝ տիկնոջ հետ:

Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի 1920 թ. փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմա-լեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: 1920-ի սեպտեմբերից համալսարանն իր գործունեությունը շարունակեց արդեն Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքում:

 

Անդրադարձը՝ պատմաբան Ռուբեն Շուխյանի Ֆեյսբուքյան էջից:

Տարածել`
Share

You may also like...