1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը: Բագրատունիների անկումից հետո գրեթե 900 տարի անց (չհաշված Կիլիկյան Հայաստանը) վերականգնվեց հայոց պետականությունը: Ցավոք, այն գոյատևեց ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր քեմալաբոլշևիկյան տանդեմի առջև: Նրանք էլ 1920թ. միացյալ ուժերով վերջ տվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությանը: Մայիսյան հերոսամարտերը սկսվեցին, քանի որ սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարմամբ և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակմամբ ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել մայիսի 21-29 ընկած հատվածում: Միայն մայիսի 22-26 ընկած հատվածում թուրքերը շուրջ 3500 մահ են տվել: Հակառակորդը որոշել էր համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով: Բաշ Ապարանի հերոսամարտը տեղի է ունեցել մայիսի 23-29 ընկած հատվածում: Թուրքական 9-րդ դիվիզիան փորձել է Բաշ Ապարանի (այժմ՝ ք. Ապարան) կողմից ներխուժել Երևան: Բաշ Ապարանի պաշտպանական մարտերում մեծ ներդրում ունեն նաև եզդի աշխարհազորայինները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ: Ղարաքիլիսայի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 24-28 ընկած հատվածում: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: Այս հերոսամարտերի շնորհիվ էլ ստեղծվեց Հայատանի Առաջին Հանրապետությունը, որը համընկավ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականների, սովի, տրանսպորտային ուղիների շրջափակման, քեմալաբոլշևիկյան միասնական՝ 1920 թվի հարձակման, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականության հետ: Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 1920թ.  օգոստոսի 24-ի պայմանագրի և սեպտեմբեր ամսին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարի արդյունքների համաձայն բոլշևիկները և քեմալականները պայմանավորվեցին միմյանց միջև բաժանել Հայաստանը: Ըստ այդ պայմանավորվածության` ռուսական կողմը թուրքական կողմին փոխանցելու էր զորախմբեր, զենք և զինամթերք Հայաստանի դեմ կռվելու համար:

Բաքվում ձեռք բերված համաձայնության ժամանակ նաև որոշվեց, որ թուրքական կողմը պետք է հարձակվի, իսկ խորհրդային կողմը պաշտպանելու պատրվակով պետք է մտնի և խորհրդայնացնի Հայաստանը: Նմանատիպ պայմաններում բացառված էր Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունը: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեցին: 1920թ. սեպտեմբերի 28-ին սկսվեց թուրքական հարձակումը: Թուրքերը հսկայական տարածքներ գրավեցին: Զուգահեռաբար նոյեմբեր ամսին Հայաստան էր մուտք գործել նաև 11-րդ կարմիր բանակը:  Ի վերջո խորհրդային շանտաժի հետևանքով 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվում է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվում էր:  Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերականգնելու գործում:

Հ. Գ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվել է միայն հայ ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում, իսկ ընկել՝ ռուս-թուրքական մերձեցման հետևանքով: Եթե 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայկական կողմը փայլուն հաղթանակ էր տոնել և պետություն հիմնել, ապա 1920 թվականին հայկական բանակը բարոյալքված վիճակում էր գտնվում: Բանակի և ողջ ժողովրդի բարոյալքվածության պատճառն այն էր, որ իրենք գործ ունեին ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ: Եվ, իրոք, այդ շրջանում Հայաստանը հայտնվել էր ռուս-թուրքական մահաբեր տանդեմի առջև: Հայաստանն ու հայերը հաղթել են, երբ իրենք ոչ մեկից կախում չեն ունեցել և ապավինել են իրենց ուժին:

 

Աղբյուրը՝ civilngo.com

Հեղինակ` Տաթևիկ Վարդանյան

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed