1915-ի մոռացված կանայք. Մարի Բեյլերյան

 

Ստամբուլի հայկական  «Ակօս» պարբերականը ներկայացրել է 1915-ի մոռացված զոհերից Բեյլերյանի գործունեությունն ու կյանքի ուղին:

«Մարի Բեյլերյանը 19-րդ դարի վերջին գործունեություն ծավալած հայ մտավորական ու ակտիվիստ կանանցից երևի թե ամենաքիչ հայտնին է: 1915-ի ապրիլին մահվան ճամփորդության դուրս բերված հայ մտավորականների անունները, կարծես, ամբողջովին հայտնի են և հաճախ են շրջանառվում: Այս շահարկվող ցուցակում ոչ մի կնոջ անուն չկա:

Բախտի բերմամբ վերջին պահին փրկված Զաբել Եսայանը, կարծես, աքսորված մտավորականների ցուցակում միակ կինն էր: Կար նաև Սիբիլը, որի անունը թեև ցուցակում նշված չէ, սակայն ամուսնու հետ միասին կարողացավ հրաշքով խուսափել ողբերգությունից: Ցեղասպանությանը զոհ է գնացել նաև Մարի Բեյլերյանը», – իր զեկույցում նշել է ստամբուլահայ ժամանակակից գործիչ Գայուշ Չալըքմանը` հավելելով, որ  ցեղասպանության զոհերից մեկը եղած Մարի Բեյլերյանը կարևոր դեր է ստանձնել հայ ժողովրդի քաղաքական ու գրական կյանքում, սակայն, ցավոք, նրա անունը մոռացության է մատնվել պատմության էջերում:

Հայ պատմության մեջ կանանց դերի ու դրանց անդրադարձերի մասին հենց ինքը` Բեյլերյանը, ժամանակին գրել է.   «Խորենացին, Գոշը, Եղիշեն ու մեր բազմաթիվ հայ պատմաբաններ այնքան խորին հարգանքով են խոսում իրենց ժամանակների կանանց մասին, որ կոտրվում է այն միտքը, թե մեր պատմության մեջ հայ կանանց այդքան էլ կարևորություն չի տրվել: Կարծում եմ, որ չափազանցված են ժամանակակից հասարակության այն մտքերը, թե հայ կանանց դերը հնում փոքրացվել է: Սակայն մեր պատմաբանները հիմնականում խոսել են ազնվական տիկնանց մասին՝ ինչպես թագավորների կանայք էին, և, իհարկե, նրանց մասին խոսելիս չէին կարող վերջիններիս ազնվական դիրքին վնասող որևէ արտահայտություն անել: Սակայն ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կանանց դասի մասին նախընտրել են լռել»,-հայ կին ակտիվիստի խոսքրը մեջբերել է  «Ակօս»-ը:

 

Նշենք, որ Մարի Բեյլերյանը ծնվել է 1877 թվականին, Կ.Պոլսի հայաշատ Բեշիկթաշ շրջանում: Հայտնի է, որ վերջինս եղել է 1895-ի «Բաբը Ալիի» նշանավոր բողոքի ցույցի կազմակերպիչներից՝ ելույթ ունենալով հեղափոխության կոչով: Խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից՝ սկզբում ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ: 1902-1903 թվականներին այստեղ հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդեսը, որը կանանց իրավունքների պաշտպանության կոչով առաջին հայկական պարբերականն էր: Ավելի ուշ՝ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում և Թոքատում (պատմական Եվդոկիա) զբաղվել է ուսուցչությամբ:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed