1915թ.-ին ի՞նչ եղավ Ավրորայի հետ . Թուրք լրագրողի անդրադարձը Արշալույս Մարտիկանյանի կյանքին

Թուրքական gazeteduvar.com.tr կայքը հրապարակել է «1915թ.-ին Ավրորայի հետ ի՞նչ եղավ» վերնագրով հոդվածը: Այն պատմում է  Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի մասին, որը դարձել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշ: Հոդվածի հեղինակը
լրագրող Սոներ Սերթին է, որին հոդվածը գրելու համար ոգեշնչել է Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչության կողմից վերջերս հրատարակված «Ավրորա» գիրքը:

«Ավրորան դեռևս 14-15 տարեկան էր, երբ այս անծայրածիր հողերում մեն-մենակ մնաց: Բազմիցս բռնաբարվեց, անթիվ-անհամար անգամ ծեծի ենթարկվեց, 85 քուրուշի (թուրքական մանրադրամ-tert.am) դիմաց վաճառվեց ստրկության, փախավ, սոված մնաց, լեռներով ու ժայռերով թափառեց, սակայն ժամանակի հետ, ցուցաբերելով անկոտրում դիմադրություն, կառչեց կյանքից», – գրում է թուրք սյունակագիրը:

Սերթը նշում է, որ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին պատմելու պատգամն Ավրորային տվել է Անդրանիկ Օզանյանը, որն Ավրորայի` Ամերիկա մայրցամաք տեղափոխվելուց առաջ խնդրել է նրան պատմել մարդկանց իր հայրենիքի ավերված, արյունաքամ ու մասնատված լինելու մասին:

Թուրք լրագրողը նաև հատուկ անդրադարձել է միջազգային մամուլի և հատկապես Morning Telegraph հեղինակավոր պարբերականի` «Հոգիների աճուրդ» ֆիլմի մասին անդրադարձին, որը 1919թ.-ի իր համարներից մեկում գրել էր. «Մարդկանց վերապրած սարսափելի կտտանքները մարդու ենթագիտակցության մեջ ավելի վառ դրոշմող մեկ այլ ֆիլմ մինչ օրս չի նկարահանվել»:

 

Հիշեցնենք, որ Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ.-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը, ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:

Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...