Որպես ստեղծագործող՝ ինձ գրավում են բարին, գեղեցիկն ու մարդկայինը. Տաթև Ամիրյան

«Մենք» մշակութային առցանց լրատվական կայքը զրուցել է երիտասադ ստեղծագործող, դաշնակահար, միջազգային բեմերն իր երաժշտական հմտություններով գրաված Տաթև Ամիրյանի հետ: Տաթևը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաևդաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Նա կատարումներով ու զեկույցներով մասնակցել էմի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսների և փառատոների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի
համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսին, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումին, Հարթֆորդի Կին ԿոմպոզիտորներիԵրաժշտության Փառատոնին, հարավային Ֆլորիդայի համալսարանում անցկացվող Ժամանակակից Երաժշտության Միջազգային Փառատոնին, Կալիֆոռնիայի համալսարանում անցկացվող HildegardFestival of Women in The Arts փառատոնին, ինչպես նաև Հավայան Կղզիներում անցկացվող
ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսին: Նա նաև
դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել ԱՄՆ-ի Ֆլորիդայի և Քաննեքտիկուտի
պետական համալսարաններում որպես հրավիրված արտիստ:

Ի՞նչ դժվարություների է հանդիպում հայրենիքից հեռու ստեղծագործող արվեստագետը:

-Արտերկրում արվեստի դաշտը շատ մեծ է ու մրցակցային, հետևաբար՝ նաև ավելի պահանջկոտ: Այնտեղ
հաջողության հասնելու ու կայանալու համար անհրաժեշտ է չափազանց շատ աշխատել, անընդմեջ
կատարելագործվել ու ձգտել պրոֆեսիոնալիզմի, և միշտ քայլել ժամանակի չափանիշներին համընթաց:
Արտերկրում ապրող տեղծագործողի համար մյուս դժվարությունը նաև անհատապես կայանալն է: Ապրելով
մի միջավայրում, որտեղ ժամանակակից արվեստը հագեցած է ոճային մեծ բազմազանությամբ և
ամենատարբեր ազդեցություններով, ստեղծագործողի համար անչափ դժվար է գտնել ստեղծագործական իր
ուրույն ոճը:

Կա՞ն ստեղծագործական երազանքեր, որոնք դեռևս մանկության տարիներից ցանկացել եք իրականացնել:

-Անկեղծ ասած, ես չունեմ երազանքներ: Որպես ստեղծագործող՝ ես ունեմ իրական նպատակներ, որոնք
փորձում եմ իրագործել: Որպես կոմպոզիտոր՝ միշտ նպատակ եմ ունեցել ստեղծել բարձրարժեք,
ժամանակին դիմակայող երաժշտություն, որը հասկանալի ու հոգեհարազատ կլինի տարբեր լսարանների,
կկարողանա հասնել մարդկանց ու նրանց մեջ արթնացնել գեղեցիկն ու մարդկայինը:

-Ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործություններն են Ձեզ առավել հոգեհարազատ:

-Դասական երաժշտության մեջ ինձ հետաքրքիր և հոգեհարազատ է յուրաքանչյուր կոմպոզիտոր՝ անկախ
դարաշրջանից, ով ստեղծում է բարձրարվեստ և արժեքավոր երաժշտություն: Կան կոմպոզիտորներ, ովքեր
առանձնահատուկ դեր են ունեցել իմ ստեղծագործական հայացքների և կոմպոզիտորական սկզբունքների
ձևավորման մեջ: Դրանց թվում են Կոմիտասը և հունգարացի կոմպոզիտոր Բելա Բարտոկը: Ժամանակակից
կոմպոզիտորներից ինձ հատկապես հոգեհարազատ են էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ամերիկացի
կոմպոզիտորներ Ջոն Ադամսի և Ջոն Կորիգլիանոյի ստեղծագործությունները:

-Ի՞նչ կարևոր գործոններ են դեր խաղացել Ձեր՝ որպես կոմպոզիտորի կայացման գործում:

– Իմ ստեղծագործական կայացման գործում մեծ դեր են խաղացել իմ ուսուցիչներ Մելիք Մավիսակալյանը,
և, հատկապես, պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանը, ում հետ բախտ եմ ունեցել ուսանելու Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայում: Յուրաքանչյուր երաժիշտի համար անչափ կարևոր է ունենալ այնպիսի
ուսուցիչ, ով կկարողանա նրան խրախուսել ու ոգևորել, և իր հնարավորությունների հանդեպ վստահություն
ու հավատ արթնացնել: Որպես կոմպոզիտոր՝ ինձ համար հաջողության հասնելու կարևոր գրավական է եղել
նաև իմ աշխատասիրությունն ու շարունակ կատարելագործվելու ձգտումը: Առանց այս բոլոր գործոնների,
կարծում եմ, ես չէի կարողանա հասնել այն ամենին, ինչին հասել եմ մինչ այսօր:

Ստեղծագործելիս ի՞նչն է հանդիսանում ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Ինձ ներշնչում են այն բոլոր երևույթները, որոնք ինձ շրջապատում են իրական կյանքում, ու իմ կյանքի մի
մասն են կազմում: Իմ շատ գործեր ներշնչված են իմ անցյալից, մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում
անցկացրած իմ մանկությունից, որը շատ խորը հետք է թողել իմ մեջ: Առհասարակ, որպես ստեղծագործող
ինձ գրավում են բարին, գեղեցիկն ու մարդկայինը, և հատկապես դրանք եմ ես փորձում շեշտել իմ
գործերում:

Որպես մանակավարժ և երաժիշտ՝ որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնք փորձում եք սերմանել
ուսանողների մեջ:
-Որպես երաժիշտ-մանկավարժ իմ առաջնային նպատակն է ուսանողի մեջ երաժշտության հանդեպ սեր և
սովորելու ցանկություն առաջացնել, նրա առջև բացել նոր հորիզոններ, պրակտիկ գիտելիք ու այնպիսի
հմտություններ տալ, որոնք նրան կօգնեն ապագայում հաջողության հասնել իր գործունեության մեջ:

– Կին կոմպոզիտորների ստեղծագործությունները որքանո՞վ են լսելի Հայաստանում:

– Հայ կին կոմպոզիտորների ստեղծագործությունները և, առհասարակ, կին կոմպոզիտորների
ստեղծագործություններն այսօր, ցավոք, շատ քիչ են հնչում Հայաստանում: Ցանկալի կլիներ, որ կին
ստեղծագործողները Հայաստանում ավելի շատ գնահատվեին և խրախուսվեին, և որ ավելի շատ
հնարավորություններ ու նպաստավոր պայմաններ ստեղծվեին նրանց համար:

-Ստեղծագործական ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

-Առաջիկայում ունեմ մի քանի համերգներ, այդ թվում՝ աշնանը Կոմիտասի 150 -ամյակին նվիրված համերգ
Կալիֆոռնիայի Սան Հոզեի համալսարանում, ինչպես նաև, ամերիկացի ճանաչված ջազ-սաքսոֆոնահար և
կոմպոզիտոր Կարլտոն Հեսթերի հետ համատեղ Կալիֆոռնիայի Սանտա Քռուզի համալսարանում աշնանը
հանդես եմ գալու ժամանակակից էքսպերիմենտալ-իմպրովիզացիոն ծրագրով: Ունեմ նաև նոր
ստեղծագործությունների պատվերներ, որոնց թվում նոր դաշնամուրային ստեղծագործություն՝ ամերիկացի
նշանավոր դաշնակահար Ջեֆֆրի Ջակոբի կողմից, որն ընդգրկվելու է ամերիկյան ժամանակակից
դաշնամուրային երաժշտության նրա նոր ձայնասկավառակում: Բացի դրանից, ամերիկյան Abundant
Silence հրատարակչության հետ համատեղ պատրաստվում եմ հրատարակել իմ դաշնամուրային
ստեղծագործությունները:

-Ի՞նչ ուղերձ կհղեք երիտասարդ ստեղծագործողներին:

-Երիտասարդ ստեղծագործողներին խորհուրդ կտամ լինել համարձակ, չվախենալ լինել անկեղծ, ինչպես
նաև, լինել ազատ և զերծ մնալ կարծրատիպերից:

Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանը  ավարտել է Պ.Ի.
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարանները,
այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և
երաժշտագիտության ֆակուլտետները: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Միսսուրիի
համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի
ասպիրանտուրայում և ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Սովորել է ամերիկացի
կոմպոզիտորներ Ջեյմս Մոբբերլիի, Չեն Յիի և Զյու Լոնգի դասարաններում, ինչպես նաև մասնակցել է
ամերիկյան հայտնի կոմպոզիտորներ Ջոն Կորիգլիանոյի, Ստեֆեն Հարտկեի և Սթիվեն Սթաքիի
վարպետության դասընթացներին: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված
ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա
երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրաելում, ԱՄՆ-ի տարբեր
նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում և
Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի
Ջակոբի (ԱՄՆ), տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի (Հոլանդիա), ամերիկյան “Carme Diem” լարային
կվարտետի, Juventas New Music Ensemble-ի, ԱՄՆ-ի Կանզաս քաղաքի “Metropolitan Choral”
երգչախմբի, գերմանական “Oktoplus” անսամբլի և Բրեմեն քաղաքի կամերային նվագախմբի կատարմամբ:
2013-ին հյուսիսային գերմանական ռադիոյի (NDR Norddeutscher Rundfunk) պատվերով Ամիրյանը
ստեղծագործություն է գրել գերմանական “Oktoplus” անսամբլի համար, որի պրեմիերան տեղի է ունեցել
նույն թվականին Հանովերում: 2014-ին նրա ստեղծագործությունն ընդգրկվել
է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի դաշնամուրային
ալբոմում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին: 2016-ին Հայաստանում լույս է տեսել
նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը Հայկ Մելիքյանի կատարմամբ:
Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում և
Եվրոպայում: 2011թ. արժանացել է “Armenian Allied Arts” 71-րդ ստեղծագործական մրցույթի 1-ին
մրցանակին, 2012 թ.` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և “Metropolitan Choral”
երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին: 2016-ին նա
արժանացել է  դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի
երկրորդ մրցանակին և նրա ստեղծագործությունն ընդգրկվել է ամերիկյան դաշնակահար Ջեֆրի Ջակոբի
New Ariel Recordings-ի հետ համատեղ թողարկած ձայնասկավառակում: 2018-ին ԱՄՆ-ում
արժանացել է Abundant Silence կամերային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակին, իսկ
2019-ին` Juventas New Music Ensemble-ի ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակին:

 

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Ամիրյանը դասավանդել է ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում, այդ թվում՝ Կալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանում, Միսսուրիի պետական համալսարանում, Կալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքի Cogswell քոլեջում, SAE (School of
Audio Engineering) Ինստիտուտում և Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում:
Ամիրյանը 2018 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed