Պատմություն պարզ մարդկային բարության մասին

Ես մայրիկիս միակ որդին էի: Նա ուշ էր ամուսնացել և բժիշկներն արգելել էին նրան ծննդաբերել: Բժիշկներին մայրիկը չլսեց, իր պատասխանատվությամբ ձգեց մինչև վեցերորդ ամիսը, և միայն հետո առաջին անգամ ներկայացավ կանացի կոնսուլտացիայի:

Ես ցանկալի երեխա էի: Տատիկս, պապիկս, հայրս և նույնիսկ խորթ քույրս ինձ համար հոգի էին տալիս, դե իսկ մայրս ուղղակի դողում էր իր միակ որդու վրա:

Մորս աշխատանքը շատ վաղ էր սկսվում և աշխատանքից առաջ նա ինձ պետք է մանկապարտեզ տաներ: Ժամանակին աշխատանքի հասնելու համար մայրս առաջին ավտոբուսներով և տրամվայներով էր երթևեկում, որոնք սովորաբար միևնույն վարորդներն էին վարում: Մենք մայրիկի հետ դուրս էինք գալիս տրամվայից, նա ինձ ուղեկցում էր մինչև մանկապարտեզի դարպասը, փոխանցում դաստիարակչուհուն, վազում էր կանգառ և սպասում հաջորդ տրամվային:

Մի քանի ուշացումից հետո աշխատավայրում նրան զգուշացրեցին, որ հաջորդ անգամ կհեռացնեն, իսկ քանի որ մենք բոլորի պես համեստ էինք ապրում և միայն հայրիկի աշխատավարձով չէինք կարող ապրել, ապա մայրս, սրտի ցավով, լուծումը գտավ՝ ինձ՝ երեքամյա փոքրիկիս մենակ իջեցնել կանգառում՝ հուսալով, որ տրամվայից ինքս կհասնեմ մանկապարտեզի դարպասի մոտ:

Առաջին անգամից ամեն ինչ ստացվեց, չնայած այդ վայրկյանները նրա կյանքի ամենաերկարն ու սարսափելին էին: Նա այս ու այն կողմ էր նետվում կիսադատարկ տրամվայի մեջ, որպեսզի տեսնի մտա՞ դարպասներից ներս, թե՞ դեռ սողում եմ՝ մուշտակով, շարֆով, գլխարկով ու վալենկաներով փաթաթված:

Որոշ ժամանակ անց մայրիկս հանկարծ նկատեց, որ տրամվայն սկսել է կանգառից շատ դանդաղ հեռանալ և արագություն հավաքել միայն այն ժամանակ, երբ ես արդեն դարպասից ներս եմ մտնում: Այդպես շարունակվեց երեք տարի, մինչ ես մանկապարտեզ էի գնում: Մայրս չէր կարող և չէր էլ փորձում բացատրություն գտնել նման տարօրինակ օրինաչափության համար: Կարևորը նրա սիրտը հանգիստ էր ինձ համար:

Ամեն ինչ պարզաբանվեց մի քանի տարի անց, երբ ես սկսեցի դպրոց գնալ: Մի օր մայրիկիս հետ նրա աշխատավայր էի գնում և հանկարծ վագոնավարուհին ձայն տվեց ինձ.

– Ողջո՜ւյն, փոքրի՛կ: Որքա՜ն ես մեծացել: Հիշո՞ւմ ես, թե մայրիկիդ հետ ինչպես էինք քեզ մանկապարտեզ ճանապարհում…

Շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ այն կանգառի մոտով անցնելիս հիշում եմ կյանքիս այդ փոքրիկ դրվագը, և սիրտս ջերմանում է այն կնոջ բարությունից, ով ամեն օր, բացարձակապես անշահախնդրորեն փոքրիկ բարի գործ էր կատարում՝ մի փոքր ուշացնում էր ողջ տրամվայը՝ հանուն իրեն բոլորովին անծանոթ մարդու հանգստության:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը` surbzoravor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed