Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում

Արցախյան Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Պեղումներն իրականացրել է Ստեփանակերտի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը։

Համլետ Պետրոսյանի խոսքով կարասը բացվել է, դատելով դրա մեջ հայտնաբերված նյութերից, թաղումը վերաբերում է մեր թվարկության 2-3 դարերին, այսինքն Տիգրանակերտի ամրոցից 300 տարով «երիտասարդ» է։ Հանգուցյալի աճյունի հետ միասին կարասի մեջ դրված էին նետի ծայր, ուլունքներ, խոյակերպ փոքր սափորներ, ոսկե զարդեր։

Մասնագետը պարզաբանեց, որ դա այդ ժամանակաշրջանին բնորոշ թաղման ձեւ է։ Հետաքրքիր է, որ մինչեւ Քուռ գետ հասնող տարածքում նման թաղումները բավականին տարածված են եղել  (հայտնի են կարասային թաղումներ Գառնիում, Արտաշատում եւ այլն) ու նման թաղումներ իրականացվել են ընդհուպ մինչեւ քրիստոնեության ընդունում։ Գետից հյուսիս նման թաղումները ծայրաստիճան հազվադեպ են, ու ժամանակին առաջ է քաշվել հիպոթեզ այն մասին, որ կարասային թաղումների տարածման արեալը համապատասխանում է հայերի տարածման արեալին։ «Բայց այս թեմայով մանրակրկիտ ուսումնասիրություններ չեն արվել, դրա համար էլ Տիգրանակերտում այդ գտածոները շատ կարեւոր են»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Տիգրանակերտում արդեն հայտնաբերվել են կարասային թաղումներ, որոնք տարեգրված էին մեր թվարկությունից առաջ 1-ին դարով։

Առհասարակ, Համլետ Պետրոսյանի խոսքով, Արցախի Մարտակերտի շրջանը շատ հարուստ է հնագիտական գտածոներով։ Երեք տարի առաջ այստեղ ջրատարի անցկացման ժամանակ հայտնաբերել էին շքեղ թաղումներ։ Այսօր այդ նյութը գտնվում է Տիգրանակերտի թանգարանում, այն հետազոտվում է ու այդ թեմայով հրապարակում է պատրաստվում։

 

Լուսանկարների մի մասը վերցված է Համլետ Պետրոսյանի facebook-յան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed