Երջանկության ակնթարթներ. Ֆրունզիկ Մկրտչյան և Դոնարա Փիլոսյան

Հանրահայտ մարդկանց լուսանկարներին նայելիս, ակամա մտածում ես, թե դժբախտություններն ու փորձությունները նրանց շրջանցում են: Իրականում դա այդպես չէ… Ողբերգություններից «աստղային» ընտանիքներն էլ չեն խուսափում: Սակայն, ոչ բոլոր երկրպագուներն այդ մասին գիտեն. սիրելի դերասանները էկրաններից միշտ ժպտում, ծիծաղում, կատակում են…

Իր ժամանակին ողբերգություններից չի խուսափել Ֆրունզիկ Մկրտչյանը:

Ֆրունզիկ Մկրտչյանը

Այս դերասանը ներկայացման կարիք չի ունեցել, նրան ԽՍՀՄ-ում բոլորն են ճանաչել: Իսկ հայրենի Հայաստանում, նա մինչև հիմա ազգային հերոս է: Նրա նկարները զարդարում են քաղաքների փողոցները, մարդկանց բնակարանները: Դերասանի լրիվ անունը՝ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան է: Հայրենիքում նրան Մհեր են ասում, որը թարգմանաբար նշանակում է՝ «լուսավոր»: Մկրտչյանի պաշտոնական անունը՝ Ֆրունզե է, ի պատիվ խորհրդային զորավար Միխայիլ Ֆրունզեի: Մհեր-Ֆրունզեն ծնունդով Լենինականից է (4 հուլիսի, 1930 թ.), քաղաք, որը այժմ կոչվում է Գյումրի: Ֆրունզեի ծնողները Ցեղասպանությունից փրկվել են և ապաստանել են Գյումրիում:

Ինչպես հիշում է Ֆրունզիկի եղբայրը, նա մանկուց եղել է լուսավոր, ուրախ տղա: Նա շատ նիհար է եղել, մեծ քթով, և նրան հաճախ ծաղրում էին: Սակայն, շուտով պարզ է դառնում, որ այդ մեծ քթով, տխուր և խոշոր աչքերով տղան մեծ տաղանդի տեր անհատականություն է: Նրա դերասանական տաղանդը իր առաջին ծիլերն արձակեց, երբ նա դեռ երեխա էր: 10 տարեկանում նա բակի երեխաների համար ներկայացումներ էր բեմադրում և խաղում:

Նա շուտ է հեռացել դպրոցից: Աշխատել է տարբեր հիմնարկներում, բայց երբեք չի մոռացել բեմի մասին: Եվ 1947 թ. ընդգրկվել է Լենինականի դրամատիկական թատրոնի կազմում:

Սկզբում Ֆրունզիկը մեծ համբավ ձեռք բերեց Հայաստանում, նկարահանվելով տարբեր ֆիլմերում և ներկայացումներում: Իսկ «Կովկասի գերուհին» ֆիլմից հետո նրան ճանաչեց ամբողջ ԽՍՀՄ-ը: Նրան սիրում և ընդունում էին ոչ միայն երկրպագուները, հանդիսատեսը, այլ նաև գործընկերները: Նման բան քչերին է հաջողվում: Սակայն անձնական կյանքում դերասանը հաջողակ չի լինում:

Առաջին ամուսնությունը համակուրսեցի՝ Քնարի հետ էր: Կապը երկար չտևեց, գրեթե մեկ տարի անց նրանք բաժանվեցին:

Դոնարա Փիլոսյանը

Ֆրունզիկի երկրորդ կինը երիտասարդ դերասանուհի Դոնարա Փիլոսյանն էր: Երբ ծանոթացան, Ֆրունզիկն արդեն 30 տարեկան էր, իսկ Դոնարան՝ 18: Երիտասարդ աղջիկը հրապուրվեց հայտնի դերասանի հմայքով: Սկզբում ծնվեց Նունեն, իսկ հետո՝ Վազգենը:

Եթե կինոսիրողներին հարցնեք, թե ո՞վ է Դոնարա Փիլոսյանը, գրեթե ոչ ոք չի հիշի նրան: Սակայն նա էլ է մասնակցել հենց նույն «Կովկասի գերուհին» ֆիլմում: Այնտեղ նա մարմնավորում էր Սաախովի վարորդի կնոջը: Իսկ 1977-ին խաղաց «Բաղդասարը բաժանվում է կնոջից» ֆիլմում ամուսնու՝ Ֆրունզիկի հետ…

Հայաստանում Դոնարան ճանաչված թատերական դերասանուհի էր:

Ֆրունզիկի փառքը օրեցօր աճում էր: Նրանք տեղափոխվեցին Երևան: Նա խենթանում էր երեխաների համար: Անընդհատ խաղալիքներ էր գնում, խաղում հետները, քանդում-փչացնում… նորը գնում…

Ընտանեկան դրաման

Թվում էր, թե ընտանիքում ամեն բան նորմալ է, սակայն Դոնարայի բնավորության դրսևորումները սկսեցին փոխվել: Նա չէր ուզում թողնել բեմը, զբաղվել երեխաներով: Դերասանուհու խանդը չափն անցնում էր, վերածելով երկուսի կյանքը դժոխքի:

Ընկերները Ֆրունզիկին խորհուրդ տվեցին դիմել մասնագետների օգնությանը: Այդպես էլ վարվեց, սակայն բժիշկները ոչ մի լավ բան դերասանին չհայտնեցին. հոգեկան անբուժելի խանգարում…

70-ականների սկզբին Ֆրունզիկը հրաժարվում էր շատ դերերից, ձեռք բերեց ալկոհոլային կախվածություն: Այդ պատճառով շատ նկարահանումներ հետաձգվում էին: Երեխաների մոտ էլ շատ բան փոխվեց:

Աղջիկը ամուսնացավ և հեռացավ Արգենտինա: Ընդմիշտ: Լուրեր էին տարածվել, թե իբր զոհվել է ավտովթարից: Դա էլ ավելի բարդացրեց Ֆրունզիկի կյանքը: Բայց Նունեն չէր զոհվել: Նա հորից 5 տարի ավել է ապրել…

Նրա զոհվելու լուրերի հիմք էր հանդիսացել Ֆրունզիկի ռեպլիկը՝ աղջիկս էլ չկա: Իրականում Ֆրունզիկն ուզեցել էր ասել, որ կապն է կտրվել…

Դերասանը ջանք չէր խնայում սիրելի կնոջ բուժման համար: Անգամ Ֆրանսիա է հետը գնացել… Բայց ջանքերն ապարդյուն էին…

Դոնարան վերջին անգամ բեմ է դուրս եկել 1982 թ.: Դրանից հետո նա հոգեբուժարանում ապրեց մինչև իր երկրային կյանքի վերջին օրը:

Վերջին տարիները

Ֆրունզիկի որդու՝ Վազգենի մոտ նույն խնդիրներն էին, ինչ որ մոր մոտ: Նրան նույնպես հոսպիտալացնում էին, փորձում բուժել: Բայց առանց էական փոփոխությունների:

Ֆրունզիկ Մկրտչյանը ամուսնացավ երրորդ անգամ, բայց կապը երկար չտևեց: Կյանքի մայրամուտին նա մնաց մենակ:

Ֆիլմերում այդ ժամանակ Ֆրունզիկը գրեթե չէր նկարահանվում: Հիմնականում զբաղվում էր իր թատրոնով: 1993 թ դեկտեմբերի 23-ին Ֆրունզիկը մահացավ՝ քնած: Հարազատները կարծում են, որ նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել անձնական ողբերգությունը:

Դոնարա Մկրտչյանը հիվանդանոցից այդպես էլ դուրս չգրվեց: Երբ հիվանդությունը հետ էր քաշվում, նա զարմանում էր, թե ինչու են իրեն այդտեղ պահում: Ուզում էր վերադառնալ ամուսնու և երեխաների մոտ: Պատահում էր, որ նա հիվանդների համար իր դերերից հատվածներ էր ներկայացնում:

Դոնարան մահացավ 2011 թվին Սևանում, Հայաստան:

 

 

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝ blog.168.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed