Ֆրանսիան պատրաստ է 80 մլն եվրո վճարել Ռեմբրանտի կտավների համար

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են 80 մլն եվրո հատկացնել Ռեմբրանտի կտավները ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռոթշիլդների միլիարդատեր ընտանիքը որոշել է մոտ ժամանակներս 160 մլն եվրոյով վաճառքի հանել հանրահայտ հոլանդացի նկարչի 2 գործերը։ Նկարներում պատկերված են 2 հոլանդացի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երկու կտավներն էլ Ռեմբրանտը նկարել է 1634թ.։

Ի սկզբանե նկարները գնելու փորձ էր արել Լուվրը, սակայն թանգարանի միջոցները  բավականին սուղ էին նման կտավներ գնելու համար։

Սեպտեմբերի 21-ին Նիդերլանդների կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակի ֆինանսավորել նկարների առքը երկրի թանգարանի համար։ Եթե բանակցությունները բարեհաջող ընթացք ունենա, երկու երկրները համատեղ կգնեն այդ կտավները։

Պլանավորվում է, որ երկու կտավները կցուցադրվեն միասին, սակայն հերթով՝ որոշ ժամանակ Նիդերլանդների, որոշ ժամանակ Ֆրանսիայի թանգարանում։ Վերջին 150 տարվա ընթացքում այդ նկարները ցուցադրվել են միայն մեկ անգամ՝ 1956թ., եւ գրեթե անհայտ են լայն զանգվածներին։

Տարածել`
Share

You may also like...