Ֆրանսիայում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Անապատային ճանապարհներ» վավերագրական ֆիլմը

2015 թվականի ապրիլին Ֆրանսիայում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին Առնո Հայանջանյանի վավերագրական ֆիլմը՝ «Անապատային ճանապարհներ» անվանումով: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:
«20 տարեկանում ես հայտնաբերեցի, որ 1915 թվականին իմ նախապապերը Հայոց ցեղասպանություն են վերապրել»,- նշել է ռեժիսոր Առնո Հայանջանյանը: Դրանից հետո իր նախնիների հետքերով ճամփորդել է Հայաաստան եւ Թուրքիա ու որոշել վավերագրական ֆիլմ ստեղծել:
Անատոլիայում նա 47 կմ է անցել իր նախնիների հետքերով, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը: «Ճանապարհը, որով անցել են տեղահանվածները, ձնե բնապատկերները երկխոսության մեջ են մտնում վերապրածների սերունդների ձայների հետ: Ես չեմ սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմամբ եւ նրանց սերունդների ցավով: Ես նաեւ լսելի կդարձնեմ սրբացված զոհերի սերունդների ձայնը, որոնց աշխարհը լռության է մատնել»,- նշել է Հայանջանյանը: