Օրհան Փամուք․ Էրդողանը երկիրը հասցրել է անդունդի եզրին

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասելով, որ վերջինս երկիրը հակամարտության եզրին է հասցրել։

Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Փամուքն ասել է, որ Թուրքիայում աճող անկայունությունը կապված է ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության հետ։ «Նա չկարողացավ քրդերին համոզել, որ քվեարկեն նախագահական հանրապետություն ստեղծելու իր նախագծի օգտին»,- ասել է գրողը։

Փամուքը նշել է, թե վախենում է, որ իրավիճակը կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել, տեղեկացնում է AFP-ը։

«Ամբողջ երկիրը հասկացել է նրա հաշվարկը։ Նախ նա չցանկացավ ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մաս կազմել, հետո համաձայնեց անել այն, ինչ իրեն խնդրեցին ամերիկացիները՝ միաժամանակ սկսելով ռմբակոծել քրդերին»,-հայտարարել է նա։

Փամուքի խոսքով, Թուրքիայում մարդիկ ասես կաթվածահար եղած լինեն, որովհետեւ խաղաղ երկրից Թուրքիան հանկարծ հայտնվել է ԻՊ-ի եւ քրդերի միջեւ պատերազմի արանքում։ «Ես անհանգիստ եմ, որովհետեւ գիտեմ, որ Էրդողանն ուզում է մեն-մենակ կառավարել եւ ցանկացած գնով։ Նա չի ուզում կիսել իշխանությունը»,-նշել է Փամուքը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Օրհան Փամուք․ Էրդողանը երկիրը հասցրել է անդունդի եզրին”

Leave a Reply

Your email address will not be published.