«Օձունի գանձերը» փառատոնը շարունակում է զարմացնել

Լոռու մարզի Օձուն գյուղում անցկացվեց «Օձունի գանձերը» 4-րդ փառատոնը: Գյուղի բնակիչները ներկայացրել էին ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև սեփական այգիներում աճեցրած մրգեր և հատապտուղ, մասնավորապես՝ խաղող, տանձ, խնձոր, մոշ, ազնվամորի, հոն, հաղարջ, մասուր և այլն:
Բացի այդ, այստեղից կարելի էր տնական պանիր, չրեր, բուժիչ դեղաբույսեր, համեմունքներ գնել: Մեղվաբույծները ոչ միայն տարատեսակ մեղր էին ներկայացրել, այլեւ մեղվաբուծությունից ստացված այլ արտադրանք: Փառատոն ուղեկցվում էր մարզի գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ կազմակերպված երաժշտական ծրագրով:
Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանի խոսքով, միջոցառման հիմնական նպատակն է մարզում զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես նաեւ տեղի բնակչության համար աշխատատեղ ստեղծել: Միջոցառմանը հրավիրված երգիծաբան Վաչե Թովմասյանը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում միջոցառմանը: «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, քանի որ ողջունում եմ Հայաստանի հեռավոր շրջանների զարգացմանը նպաստող միջոցառումների անցկացումը»,- նշեց արտիստը, ով հասցրել էր նաեւ համտեսել տեղի արտադրանքը:
«Այստեղ հրաշալի օդ, ջուր, կանաչեղեն եւ թեյեր կան: Չթաքցնեմ, ինձ նաեւ շատ դուր եկավ տեղական օղին: Ինչպես գյուղն է գտնվում բարձր լեռներում, այնպես էլ մթերքներն են այստեղ բարձրորակ»,- նշեց նա:
Փառատոնին մասնակցում էր նաեւ Ֆրանսիայից հայտնի հայ խոհարար Ալեն Ալեքսանյանը: Նա միջոցառման մասնակիցներին մեղրից, խոտաբույսերից եւ հատապտուղներից տեղում պատրաստված ըմպելիք էր հյուրասիրում:
- Previous Վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ
- Next Հայաստանում նշում են Խաչվերացը