Քուվեյթում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել

Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։

Հրավիրյալների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ և անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սուբեյհը: Ընդունելությանն իրենց մասնակցությունն էին բերել Քուվեյթի կրթության և բարձրագույն կրթության նախարար, դոկտոր Բադր Ալ-Իսան, Քուվեյթի մայրաքաղաքի` Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ-Մուհաննան և Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ, շեյխ Ֆաուազ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:

Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի և ակնկալվող ծրագրերի մասին, անդրադարձավ Քուվեյթի հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ արվեստի ժամանակակից և ավանդական ստեղծագործությունները պատկերող ցուցահանդեսով և Հայաստանի վերաբերյալ տեսաֆիլմ:

Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվել տեղական լրատվամիջոցներում և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ:

Տարածել`
Share

You may also like...