Քննադատություններ Ջիվան Ավետիսյանի` «Վերջին բնակիչը» ֆիլմի կապակցությամբ

lurer.comը գրում է՝

Արդեն հայտնի է դարձել, որ 2017թ․-ի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը հնարավորություն ունի մասնակցելու Հայաստանի ազգային կինոակադեմիայի փակ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմը։

Նշենք, որ ֆիլմի ընտրությունը կատարվել է երկու փուլով: Առաջին փուլում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացել է 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:

Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը կհավաքի ձայների 30%-ը: Առաջին փուլի արդյունքում այդ 30%-ը չի ապահովվել, այդ իսկ պատճառով անցկացվել է երկրորդ փուլ: Երկրորդ փուլի համար ընտրվել է պարզ մեծամասնություն սկզբունքը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստացել է 6 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 9 ձայն, 9 հոգի բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել:

Ջիվան Ավետիսյանի THE LAST INHABITANT «Վերջին բնակիչը» ֆիլմը բավականին լայն արձագանք է ստացել հատկապես «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո: Ֆիլմը նոյեմբերի 17-ից կբարձրանա մեծ էկրան և հայ հանդիսատեսին վերջապես հնարավորություն կտրվի դիտել այսքան քննարկված աշխատանքը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ֆիլմի նկատմամաբ դրական վերաբերմունք է նկատում, մարդիկ սիրել են և «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո երկրորդ անգամ դիտելու ցանկություն են հայտնել:

«Իմ կարծիքով հայաստանյան հանդիսատեսը սպասում է ֆիլմին: «Ոսկե ծիրան»-ից հետո, իհարկե, միանշանակ չեն եղել կարծիքները, եղել են սուբյեկտիվ քննադատություններ, մասնավորապես, ֆիլմում հնչող ադրբեջաներեն լեզվի մասին, բայց, ի վերջո, քննադատողներն իրենք են հասկացել, որ իրենց տեսակետը սուբյեկտիվ է եղել և պահի տակ են կարծիք հայտնել: Ֆիլմում օգտագորված ադրբեջաներեն լեզվի առկայության մասին քննադատությունները ֆիլմի վերաբերյալ մասնագիտական քննադատություն չեմ կարող համարել»,- ասաց Ջիվան Ավետիսյանը` ներկայացնելով, որ քննադատողները պատճառաբանել են, որ իրենք զզվում են այդ ազգից և այդ լեզուն չեն ցանկանում լսել: Բայց, այնուամենայնիվ, ռեժիսորը վստահեցնում է, որ դա արված է ոչ թե հետաքրքիր կառուցվածք ստանալու համար, այլ լեզվում խորը ենթատեքստ է թաքնված. «հայը խոսում է հայերեն, ադրբեջանցին ադրբեջաներ և նրանք հասկանում են միմյանց»:

Մեր այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում «Վերջին բնակիչը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանը պատասխանեց. «Ես երբեք համաձայն չեմ եղել, որ խնդիր կարող է լուծել ֆիլմը, բայց միշտ հավատացել եմ, որ հարցեր կարող է հարուցել: Իմ կարծիքով`«Վերջին բնակիչը» ֆիլմը բազմաթիվ հարցեր է հարուցում և ֆիլմի հզորությունը հենց դրանում է կայանում: Հարցեր է հարուցում բազմաշերտ` անկախ դիրքից, սեռից, խավից և մեր նպատակը դա է եղել` հարցեր հարուցել կոնֆլիկտի, մարդկային հարաբերության քաղաքակրթությունների, կրոնական անհանդուրժողականության և տարբեր բևեռների վերաբերյալ:

Ռեժիսորի խոսքով` ֆիլմը արցախյան կոնֆլիկտի և մարդկային կոնֆլիկտի մասին է: Այն ինչ կատարվում է մարդկային հարաբերություններում  նույնը կատարվում է, օրինակ, Սիրիայում, ինչպես նաև ապրիլին մեր սահմանին: Ֆիլմը պատմում է պատերազմի մասին, բայց ամբողջովին բացառում է պատերազմը. «4 տարբեր երկրների համարտադրողների հետ համատեղ կարողացել ենք հասնել նրան, որ շատ ունիվերսալ լինի և շատ ընկալելի օտարի համար, ընկալելի մարդուն: Աշխարհի երեսին որքան մարդ չգիտի մեր մասին. ֆիլմով կարող է պատկերացնել»,- ասաց նա:

Զրուցեց` Նելլի Ավետիսյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed