Փորձում ենք հեռանալ դասական մնջախաղից, որպեսզի կարողանանք լիարժեք վերադառնալ

«Առավոտը» հյուրընկալել էր վերջերս Ծաղկաձորում կայացած Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հյուր, Եվրոպայում պրեմիեր մնջախաղաց հռչակված ֆրանսաբնակ Վահրամ Զարյանին: Փառատոնի ավարտից հետո մեզ հետ զրույցում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանն առանձնացրել էր հենց այս մնջախաղացին՝ նշելով, որ Փարիզում փակվել է Մարսել Մարսոյի դպրոցը, որի վերջին ուսանողներից է եղել Զարյանը: Նաեւ ասել էր, որ Վահրամը թեեւ յուրացրել է հայտնի դպրոցի մնջախաղային ամեն մանրուք, այժմ, սակայն, հիմնովին ժխտում է՝ միտում ունենալով բացել նոր դռներ այս ոլորտում: Պարոն Դադասյանն առանձնացնելով ծաղկաձորյան փառատոնին Վահրամ Զարյանի ներկայացրած երկու մոնոներկայացումները՝ «Mater Replik», «Diptyque», կարծիք էր հայտնել, թե վերջիններս ժամանակակից շարժման թատրոնի իսկապես վառ նմուշներ են:

Հավելենք նաեւ, որ Վահրամ Զարյանն արվեստաբանության թեկնածու է, սովորել է Սորբոնի համալսարանում, պաշտպանել թեզ՝ «Փարաջանովյան ժեստն ու շարժման արվեստը» թեմայով: Մինչ այդ, նա սովորել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում, այնուհետեւ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի արվեստանոցում: Ուսմանը զուգահեռ՝ 1999թ. մնջախաղի այբուբենին ծանոթանում է Ժիրայր Դադասյանի մոտ, ապա շուտով համալրում Մնջախաղի պետական թատրոնի դերասանական կազմը: Այդ տարիներին ներկայացնելով սկսնակ մնջախաղացին, նշվում էր նրա առաջատար դերասան լինելու հանգամանքը:

Ընդամենը մեկ-երկու ներկայացումներում հանդես եկավ մնջախաղացը՝ Ժ. Դադասյանի «Թռիչք», «Չարի ծաղիկներ» եւ Յու. Կոստանյանի «Գեներ»: Թատրոնի կազմում եւ անհատական հյուրախաղերի արդյունքում հայ արտիստին հասցրել էին նկատել եվրոպացի մասնագետները, ինչին հաջորդեց Գերմանիայի Ֆրանկֆուրտի երիտասարդական ժամանակակից թատերախմբի կողմից հրավերը եւ 2001թ. Վահրամը մեկնեց Հայաստանից: Ընդամենը մեկ թատերաշրջան հանդես գալով Ֆրանկֆուրտում, նա ընդունվեց Փարիզի Մարսել Մարսոյի դպրոցը ու, փաստորեն, եղավ աշխարհահռչակ մաեստրոյի վերջին 3 ուսանողներից մեկը: 2007թ. հայ մնջախաղացը Մարսոյի դպրոցի իր երկու ընկերների հետ Փարիզում հիմնում է թատերախումբ՝ «Theatre Suspendu», որը ճանաչում է ձեռք բերում Եվրոպայում՝ մասնակցելով մնջախաղի մի քանի հեղինակավոր փառատոների:

Իսկ 2009թ. Վահրամ Զարյանը հիմնում է սեփական թատերախումբը՝ «Compagnie Vahram Zaryan», որի նպատակը, ինչպես իր խոսքում ասաց Վահրամ Զարյանը, նոր մնջախաղի եւ ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում գործունեություն ծավալելն է: Խնդրեցինք մանրամասնել «նոր մնջախաղ» արտահայտությունը եւ Ժիրայր Դադասյանի հայտնած միտքը, թե «Վահրամ Զարյանը ժխտում է Մարսոյի դպրոցը, որպեսզի կարողանա բացել նոր դռներ այս ոլորտում»: «Ժամանակակից աշխարհում ոչ միայն մնջախաղացը, այլեւ ստեղծագործողը պետք է ազատ լինի ու զերծ մնա հաստատված կարծրատիպերից: Իմ թատերախմբի ստեղծագործության հիմքում «ո՛չ մնջախաղ» սկզբունքն է, այսինքն՝ զբաղվելով մնջախաղով, փորձում ենք հեռանալ դասական մնջախաղից, որպեսզի կարողանանք լիարժեք վերադառնալ, «գտնել մեր մարմինը»: Իմիջիայլոց, մնջախաղը վաղուց դինամիկ գործողությունների ցուցադրման շարան չէ:

Այսօրվա մնջախաղացը ոչ թե պետք է ջանա ցույց տալ զուտ իր մարմնի ճկունությունը, ֆիզիկական դեմոնստրատիվ վիճակը այլեւս հնացած է: Ի վերջո, հանդիսատեսը գալիս է թատրոն՝ ներկայացում դիտելու, այլ ոչ մարմնի գեղեցիկ շարժումներ, ասենք՝ ակրոբատիկ տարրեր կամ նման աչք շոյող բաներ: Պարոն Դադասյանն իմ արվեստի մասին այդպես է արտահայտվել՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար: Ի վերջո՝ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի իր գործի նկատմամբ ու չբավարարվի ձեռքբերածով, նույնիսկ եթե արժանանա սուր քննադատությունների: Իմիջիայլոց, հենց այդ քննադատություններից է սկսում մտերմությունը, շփումը հանդիսատեսի եւ ժամանակակից արվեստ կոչվածի հետ: Սա է նկատի ունեցել պարոն Դադասյանը ու ավելի տպավորիչ արտահայտել միտքը»,-հայտնեց ֆրանսաբնակ մնջախաղացը:

Հեղինակ՝ Սամվեել  Դանիելյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed