«Փարոս» երգչախումբն արժանացել է արծաթե մեդալի

aravot.am-ը գրում է՝

2016թ. հուլիսին Սոչիում կայացան Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաեւ Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000թ.-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա…), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20.000-ից:

Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ: Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ, եւ Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։

«Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալների «Հոգեւոր երաժշտություն a capella» եւ «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։ Կատարվեցին Կոմիտասի, Վ. Սարգսյանի, Ա. Շնիտկեի, Ի. Բրամսի եւ այլ հեղինակների ստեղծագործությունները։ Ի դեպ, 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար: Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես եկավ ոչ միայն մրցութային, այլեւ համերգային ելույթով: Բացի այդ, կայացավ Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը:

Հայրենակիցների սատարումը, ինչպես նաեւ Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարեւոր դերակատարում ունեցան երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության եւ «Փարոս» հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: Հուսանք, որ «Փարոսը» հնարավորություն կունենա հերթական անգամ պատվով ներկայացնել Հայաստանը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed