«Փարիզ, ես քեզ սիրում եմ» մրցույթում Հայաստանն առաջին անգամ կներկայացնի 14-ամյա Միլենա Գևորգյանը

Սանկտ Պետերբուրգի «Ողջույն տաղանդներ» ասոցիացիայի կողմից  կազմակերպված «Փարիզ, ես քեզ սիրում եմ» խորագրի ներքո անցկացվող միջազգային XXIV մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնին առաջին անգամ կներկայանա նաև Հայաստանը:

Մրցույթն անցկացվելու է Փարիզում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենա Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Միլենա Գևորգյանը, ով թեև սովորում է դաշնամուրային բաժնում, բայց երգը նրա տարերքն է, իսկ երգեցողության գաղտնիքներին երիտասարդ երգչուհուն ծանոթացնում է վոկալի ուսուցչուհի Մերի Կարապետյանը:

Միլենան մրցույթ-փառատոնին կներկայանա էստրադային երգեցողություն անվանակարգում՝ 14-18 տարեկանների շրջանում: Մինչ այս  Միլենան երգել է «Արևիկ» և «Արևներ» համույթներում, սակայն արդեն որոշել է հանդես գալ որպես մենակատար, նույնիսկ ունի հատուկ իր համար գրված 2 երգ: Այս մրցույթին Միլենային ներկայացնում է  «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն:

Թեև 14 -ամյա երգչուհու համար սա նմանատիպ առաջին միջազգային մրցույթն է, սակայն Միլենան վստահեցնում է՝ մեկնում է միայն հաղթելու: «Թեեւ անձամբ մրցակիցներիս ծանոթ չեմ, գիտեմ, որ շատ ուժեղ մասնակիցներ կլինեն տարբեր երկրներից, բայց  չեմ ընկճվում ու մեկնում եմ Փարիզ միայն հաղթանակով վերադառնալու ակնկալիքով: Ես իմ ուժերի վրա վստահ եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միլենան: Մրցույթին նա  կներկայացնի 3 անգլերեն և մեկ հայերեն երգ: Ինչպես մյուս միջազգային մրցույթներում, «Փարիզ ես քեզ սիրում եմ» մրցույթին ևս սեփական երկրի երգով հանդես գալը պարտադիր պայման է. Միլենան կներկայացնի Մարինե Գուլումյանի «Ես քո զավակն եմ Հայաստան» ստեղծագործությունը:

«Ողջույն տաղանդներ» նախագիծն անցկացվում է 2008 թվականից և նպատակ ունի  բացահայտելու մանուկ ու երիտասարդ տաղանդներին՝ հնարավորություն տալով զարգացնելու այդ շնորը: Սա նաև շփման  ու փորձի փոխանակման հարթակ է, տոն՝ տարբեր երկրների երեխաների համար: Մրցույթ-փառատոնը կազմակերպվում է տարիքային տարբեր խմբերի և անվանակարգերի (երգեցողություն, պարարվեստ, թատերական արվեստ) համար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Փարիզ, ես քեզ սիրում եմ» մրցույթում Հայաստանն առաջին անգամ կներկայացնի 14-ամյա Միլենա Գևորգյանը”

Leave a Reply

Your email address will not be published.