Ցույց տուր աչքերդ և ես կասեմ`ով ես դու

el.am-ը գրում է՝

 Ինչու՞ Դավթյան Կարեն, այլ ոչ Կարեն Դավթյան

            Լավ կլիներ Դավիթ լիներ անունս, գեղեցիկ անուն է, երևի հենց այդ պատճառով էլ որոշեցի հենց այդպես            ներկայանալ Դավթյան Կարեն: Կարծում եմ այն շատ բարեհունչ է և հիշվող:

Դուք սովորել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  վավերագրական կինոյի ռեժիսուրայի բաժնում, արդյո՞ք մասնագիտական կրթությունն իր ազդեցությունն ունի Ձեր           լուսանկարչական աշխատանքների վրա: 

         Լուսանկարչությամբ զբաղվում եմ արդեն մոտ չորս տարի:Աշխատել եմ և աշխատում եմ տարբեր ամսագրերի և ընկերությունների հետ և փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այո, մասնագիտությունս թույլ է տալիս ավելի լավ հասկանալ լուսանկարչական արվեստում շատ կարևոր լույսի և ստվերի բախումը, նաև շատ այլ դետալներ:

            Հիմնականում ինչպիսի՞ լուսանկարչական աշխատանքներ եք իրականացնում: 

                 Դիմանկար, նորաձևություն, ռեպորտաժային նկարահանումներ…շատ տարբեր լուսանկարչական աշխատանքներ ունեմ, որոնք միմյանցից տարբերվում են ոճային լուծումներով և աշխատանքի ընթացքով: Տարբեր մարդկանց հետ աշխատանքն էլ կարծես թրծի քեզ: Յուրաքանչյուր լուսանկարում ձգտում եմ կոկիկ նրբության, եթե նույնիսկ փուշ եմ նկարում, ուզում եմ, որ այն հաճելի լինի, ոչ թե ծակի:

_D0A9274

                                          Ի՞նչ է Ձեզ համար առաջին հերթին լուսանկարչությունը:

Կարևոր է  պահի զգացողությունը և էմոցիան: Լուսանկարչությունը հետաքրքիր մի պրոցես է, որտեղ կատարելագործվել կարելի է ամեն օր, որտեղ կարևորում ես մարդու ներաշխարհն ու ներքին էներգետիկան: Լուսանկարի միջոցով կարող ես արտահայտել մարդու եսը, նրա իսկական ով լինելը, նրա իրական կերպարը:

 Դուք շատ անմիջական և կենսախինդ մարդ եք, արդյո՞ք այդ անմիջականությունը օգնում է լուսանկարչական աշխատանքում:

    Անմիջականությունը…կարծում եմ, այո օգնում է:

_10A9444

                             Ի՞նչ պետք է արտահայտի կամ արտացոլի ստացված լուսանկարը:

 Լավ լուսանկարը պետք է հոգի ունենա: Շատ կարևոր է կարողանալ արտահայտել մարդու Էմոցիոնալ դաշտը, չէ որ մարդու հետ ես աշխատում: Լուսանկարը պետք է նաև բնավորություն դրսևորի, մարդու դրական, և բացասական գծերը, ի վերջո  ֆիքսվում է ամեն ինչ յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մանրուք: Ֆոտոխցիկը նման է ռենտգենային սարքի: Գեղարվեստական լուսանկարչության միջոցով էլ առաջին հերթին դու ստեղծագործում ես, լուսանկարն արտահայտում է այն, ինչ ստեղծել և տեսել է լուսանկարիչը: Ցույց տուր աչքերդ և ես կասեմ ով ես դու…

                                      Եղե՞լ են դեպքեր, երբ հրաժարվել եք լուսանկարել որևէ մարդու:

        Այո, եղել են: Լուսանկարելուց միայն այն դեպքում եմ հրաժարվել, երբ մարդը բացասական ազդեցություն է թողել կամ չի տպավորել:  Չնայած, յուրաքանչյուր անձ հետաքրքիր է, և ես փնտրում եմ այն լավագույնն ինչը կա իր մեջ: Երբ համագործակցում ես տարբեր անձանց հետ և որևէ կերպար ես ստանում, չես կարող կեղծել: Աշխատում եմ միշտ աքցենտավորել լուսանկարվողի էությունն ու ներքին աշխարհը:

        Ի՞նչ է Ձեզ համար Fashion լուսանկարչությունը:

_C4A8861

     Fashion լուսանկարչությունը  մի քիչ կեղծ է, իսկ ես սիրում եմ կերպար բացահայտել: Այստեղ կարևորում եմ պահն ու գործողությունը :Նմանատիպ լուսանկարչական պրոցեսում կարևոր է նաև մոդելի ճկունությունը, ինչը ավելի է հեշտացնում քո աշխատանքը, հենց այդ ժամանակ  էյֆորիկ վիճակ է ստեղծվում, ցանկալի  է, որ լուսանկարը այլ մարդկանց մոտ էլ էմոցիա առաջացնի, որը անչափ հաճելի է… ինձ տրամադրում, ոգեշնչում և  հիացնում է կանացի գեղեցկությունն ու հմայքը:

           Ի՞նչն է կարևոր Դավթյան Կարեն լուսանկարչի համար:

     Իմ զենքն իմ ֆոտոխցիկն է, իսկ հիմնական զենքս լույսն է: Անհնար է լավ լուսանկար ստանալ առանց ճիշտ լույսի: Լավ լուսանկարն էլ  նոր զգեստի է նման, որը անպայման պետք է արդուկվի և շտկվի , ինչն իրականացնում է գունային կորեկցիան, սա էլ է կարևոր, սակայն պետք չէ շտկել նախնական լուսանկարը այնպես, որ մարդն անճանաչելի դառնա: Մեկ այլ զենքս էլ կատարելագործման մշտական ընթացքն է, աշխատում եմ սովորել ամեն օր:

_D0A8815

_D0A9099

Զրուցեց Կարինե Սարգսյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed