Տոսկայի» վարագույրը փակվեց «բրավո՛» բացականչությունների և ծափերի ներքո

Պուչինիի «Տոսկայի» հանդիսատեսն Օպերային թատրոնում երեկ մշակույթի նախարարության ու նրա ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներն էին հիմնականում:

Տոսկայի» վարագույրը փակվեց «բրավո՛» բացականչությունների և ծափերի ներքո, իսկ դահլիճից դուրս բոլորին սպասում էր շամպայնը: Նախարար Արմեն Ամիրյանը հենց այսպես էր որոշել աշխատակիցների հետ հրաժեշտ տալ 2016-ին ու բարի գալուստ ասել 2017-ին:

Մշակութայինների կողքին երեկ դահլիճում և թատրոնի սրահում մեր զինվորներն էին, ապրիլյան պատերազմի հերոսներից երեքը՝ Շուլի Հակոբյանը, Նարեկ Մալխասյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:
Ռաֆայելը չափազանց համեստ է, չխոսկան: Նրա սխրագործության մասին սովորաբար ընկերներն են պատմում: Չորս կրակոցով թշնամու երեք տանկ է ոչնչացրել Ռաֆայելը, բայց իրեն հերոս չի համարում, որովհետև հերոսության վերաբերյալ նրա պատկերացումները հստակ են՝ հերոսներ են Մոնթեն, Բեկորը…
Հակառակորդի ուղղաթիռը նռնականետով խոցած ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը ևս իրեն հերոս չի համարում: «Հերոսը առաջնագծում կանգնած տղերքն են»,-ասում է: Ինքը զորացրվել է ամռանը, բայց որոշել է շարունակել զինվորական ուղին. վճռորոշ էր 2016-ի ապրիլը.
«Մենք շատ կորոստներ ունեցանք, բայց կարևորն այն էր, որ հակառակորդին ցույց տվեցինք իր տեղը: Տա՛ Աստված, որ այլևս կորուստներ չունենանք, ամենամեծ արժեքը խաղաղությունն է, թո՛ղ խաղաղ լինի մեր հողը»,-ասաց Նարեկը:
Ի՞նչ էր քեզ համար հայրենասիրությունը բանակից առաջ և այսօր: Ի՞նչ դեր ունեն դրանում գրքերը, որոնք կարդում են երիտասարդները մինչև բանակ մեկնելը, ֆիլմերը, որոնք դիտում են, երաժշտությունը, որը լսում են: Հարցիս ի պատասխան ապրիլյան հերոս Շուլի Հակոբյանն ասաց.
« Այդ ամենը շատ կարևոր է, կարևոր է նաև այն, ինչ լսում ենք մեր ծնողներից, մեծերից, բայց դա տեսական հայրենասիրությունն է: Ապրիլին այդ ամենի միջով անցնելով հասկացա, որ հայրենասիրությունը ոչ միայն խոսք է, այլ նաև գործ, և դրա համար պարտադիր չէ մասնակցել պատերազմի կամ մարտական գործողությունների: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր պատմությունը, անցյալը, արմատները: Եթե ծանոթ չես այդ պատմությանը, դժվար թե հայրենիքի համար գիտակցված սխրանքի գնաս կամ էլ հայրենասիրական որևէ լուրջ քայլ անես:

2016-ը ծանր տարի էր, մենք վերադարձանք, բայց մեր ընկերներից շատերը՝ ոչ, շատերն էլ վերադարձան անդամալույծ: Վերադարձողներս մեր պարտքն ենք համարում լինել մեր վիրավորված ընկերների, մեր անմահ հերոսների ընտանիքների կողքին: Նրանք ապացուցեցին, որ հայ բազկի մեջ դեռ ուժ կա և անմահացան բոլորիս համար».,-ասաց քառօրյա պատերազմում հակառակորդի չորս տանկ ոչնչացրած ու Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Շուլի Հակոբյանը:
Նախարարության հայտարարած «Շնորհակալության շաբաթի» շրջանակում ուզում ենք ասել՝ շնորհակալություն ձեզ, տղե՛րք, որ բոլորիս «ապրելու մշակույթի» դասեր տվեցիք՝ զրկելով մեզ վատը լինելու իրավունքից:

 

Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...