Տխուր էր անցնող տարին. Աիդա Ներսիսյան

Շարունակում ենք ներկայացնել հայտնիների տոնական բարեմաղթանքները:

Այժմ ներկայացնում ենք հեռուստահաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի բարեմաղթանքը՝ հեռավոր Ֆրանսիայից:

«Մի տարի էլ անցավ, մի տարով էլ մոտեցանք մեր աշխարհի, մեր էության, մեր ֆիզիկականի վերջակետին: Շատ կուզենայի ուրախ, տոնական խոսք ասել, բայց դժվար է: Տխուր էր անցնող տարին: Տխուր էր ապրիլյան պատերազմի արհավիրքով, մեր լուսավոր, քաջսիրտ զավակների կորստով, քաղաքական հետապնդումներով, մշակութային արժեքների ոչնչացմամբ, ժողովրդի թշվառության հաշվին դղյակներ կառուցող ու հարստություն դիզող պետական այրերի անպատժելիությամբ, և այս ամենի արդյունքում` անասելի չափերի հասած արտագաղթով: Բայց ժողովուրդը դիմակայեց ու շարունակում է դիմակայել այս ամենին` հանուն երկրի ներսում կայունության պահպանման և հույսով, որ մի օր լավ է լինելու:

Տա Աստված, որ այդ օրը լինի 2017-ին և օրացույցում ամրագրվի ՆՈՐ, ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՒՆԴՈՎ, որի երազանքով ապրեցինք երկար ու ձիգ տարիներ: Ձեզ համբերություն, ուժ ու կորով եմ մաղթում, սիրելի հայրենակիցներ, հավատ, սեր միմյանց հանդեպ ու համախմբվածություն միասնական ԵՐԱԶԱՆՔԻ շուրջ: Լույս ձեր օջախներին և խաղաղ ծառայություն սահմանը պահող մեր զինվորներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»:

Շարունակելի

Տարածել`
Share

You may also like...