Տիգրան Մանսուրյանը կգլխավորի «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի կազմը (տեսանյութ)

Մեկնարկել է ամենածիրանագույն փառատոնը։ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Ներկա կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից հայտնի դերասաններ ու ռեժիսորներ, պատվավոր հյուրեր։ «Ժյուրիի անդամներից մեկը Վրաստանից է, մյուսը՝ Գերմանիայից, այլ երկրներից էլ կան։ Եվ վերջապես ում ընտրեցինք միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ և ով հազիվ համաձայնեց.  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան։ Ես շատ ուրախացա, որ ինքը համաձայնեց։ Եվ նրա երաժշտությունը, և նա՝ որպես հայ անձ, որպես քաղաքացի շատ կարևոր մարդ է»,-տեղեկացրեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Այս տարի նշվելու նաև ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի  և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները։

«Մի օր եթե փառատոնը չլինի, մեր աստղերին ո՞վ է հիշելու։ Սուտ եմ ասում, կհիշեն, իհարկե»,-կես կատակ, կես լուրջ նշեց պարոն Խաչատրյանը։

Կինոփառատոնի մեկնարկին երեք տաղանդավոր հայերի՝ կինոռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի և օպերատոր Ալբերտ Յավուրյանի աստղերն են բացվելու։ Բացի այդ, «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերն են լինելու։ Արտամրցութային ծրագրերում ներկայացված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, նաև՝ անվանի կինոգործիչների աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, կցուցադրվի 92 արտամրցութային ֆիլմ։

Ռեժիսոր Տաթևիկ Մանուկյանը մանրամասնեց. «Ֆիլմերից «Հրավառ ծովը» իտալական հետաքրքիր աշխատանք է։ Ռեժիսորը Ջանֆրանկո Ռոզին է։ Այստեղ պատմվում է գաղթականների մասին։ Հայ հանրությանը որոշեցինք ներկայացնել կինոփառատոններից մեզ դուր եկած ֆիլմերը»։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նշեց. «Հետահայաց ծրագրում կներկայացվի «Հարավսլավական սև ալիք»-ի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմոգրաֆիայի լայն ընտրանին։ Կլինեն նաև այլ բազմաթիվ անակնկալներ»։

Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաև հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթին։ 13-րդ «Ոսկե ծիրան»-ը կեզրափակվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» կինոնկարի ցուցադրությամբ։

 

 

Տարածել`
Share

You may also like...