Տեղի է ունեցել Արմեն Աշոտյանի «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը.(լուսանկարներ)

????????????????????????????????????

Հուլիսի 6-ին «Բար կարոլա» ակումբում տեղի է ունեցել Արմեն Աշոտյանի «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը, այս մասին տեղեկացնում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ի մամուլի ծառայությունից: Արմեն Աշոտյանը նկատում է, որ երգը գրվել է տարիներ առաջ, համապատասխան կենսափորձի հիման վրա։ «Երգի տարբեր հատվածներ տարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերություններ, հիշողություններ են։ Չկա երգի հերոսուհի, կա երգի մեջ ապրած կյանքի, զգացմունքների, սիրո, տարբեր դրվագների միահյուսում, գուցե իդեալական սեր, որը ենթադրում է տառապանք, խանդ, մենություն, բայց որն ի վերջո ավարտվում է աղոթքով, որովհետև աղոթքով է հնչում ես սիրում եմ արտահայտությունը»,- ասում է խոսքերի և երաժշտության հեղինակը՝ խոստովանելով, որ պրեմիերայից առաջ հուզմունք կա, նա հույս հայտնեց, որ երգը կսիրվի հանրության կողմից, որովհետև արհեստական չէ, զգացմունքային է։

Երգը կատարում է երգչուհի Անչոկը։ Ինչո՞ւ հենց նա։ «Անչոկին ճանաչում եմ երկար տարիներ։ Ստեղծագործական թոհուբոհի մեջ կան դրվագներ, որ քեզ թվում է, թե երգը լավագույնը կհնչի այս կամ այն արտիստի շուրթերից։ Անչոկի և՜ երաժշտական դիապազոնը, և՜ բեմական կերպարը, և՜ լիրիզմն ամբողջությամբ տրամադրում են, որպեսզի նա ապրի երգը երգելիս։ Ես շնորհակալ եմ Անչոկին, որ համաձայնեց երգել, հոգի, միս ու արյուն տալ երգին։ Մինչ այդ թուղթ էր, բայց նրա շնորհիվ դարձավ կատարում»,- ասում է Աշոտյանը։

Քաղաքական գործիչը խոստովանում է, որ ավելի դժվար է ստեղծագործական կյանքում լինել, քան քաղաքականության մեջ. «Եթե քաղաքական կյանքը պահանջում է անկեղծություն, ապա ստեղծագործական կյանքը պարտադրում է անկեղծություն։ Եթե անկեղծ չէ քո միտքը, քո զգացմունքը, ապա «չեմ հավատում» կարգախոսի ներքո այն պարզապես կմերժվի։ Քաղաքականության մեջ պետք է լինել անկեղծ, իսկ ստեղծագործական կյանքում այն պարտադիր է»։

Արմեն Աշոտյանը հատկապես կարևորում է երգերի տեքստերը. «Ինձ համար երգի մեջ կարևորը բովանդակությունն է, խոսքը պետք է նմանվի բանաստեղծության և ոչ թե պարզապես հանգավորված նախադասությունների շարան լինի»։

Երգի հեղինակը նաև նշում է, որ ստեղծագործական արկղերում ունի համապատասխան զինամթերք, որպեսզի պարբերաբար ուրախացնի հանդիսատեսին։

Երգչուհի Անչոկն ընդգծում է, որ երգը կատարել է մեծ ոգևորությամբ. «Խոսքերը բավականին խորն են, երաժշտությունը շատ ավելի ռոմանտիկ է և ականջ շոյող։ Իմ երգերի մեջ միշտ որոշակի տխրություն կա, այս երգում հակառակն է. սիրելու, գեղեցիկ պահերի մասին է»։

Երեկոյի ընթացքում ներկաներին է բաժանվել երգի ձայնասկավառակը, իսկ հուլիսի 8-ին կներկայացվի նաև երգի տեսահոլովակը։

Նշենք, որ «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

DSC_8201 DSC_8209 DSC_8214 DSC_8262 DSC_8126 DSC_8147 DSC_8154 DSC_8177 DSC_8188

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

 

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: press@heh.am

http://heh.am/

Տարածել`
Share

You may also like...