Տատիկի նամակը

Տատիկը հուզիչ նամակ է գրել իր նորածին թոռնուհուն:

– Սիրելիս, ես կարող էի այս նամակը գրել մայրիկիդ դեռևս քառորդ դար առաջ: Սակայն այն ժամանակ ես ընդամենը 25 տարեկան էի և մտածում էի միայն կենցաղային հարցերի մասին. ինչպես կերակրել հարազատներին, ինչպես բաց չթողնել դասախոսությունները: Պապիկդ աշխատում էր գիշերային հերթափոխով և չէր կարող ինձ օգնել, երբ մայրդ ամբողջ գիշեր անդադար լաց էր լինում: Հիմա ես 50 տարեկան եմ և մի քիչ փորձ եմ կուտակել, որը ցանկանում եմ փոխանցել քեզ: Չեմ պնդում, թե կյանքի մասին գիտեմ ամեն ինչ, բայց ի վերջո ես քո տատիկն եմ և ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես: Իմ խորհուրդները քեզ չեն խանգարի:

Մի՛ վախեցիր վայր ընկնելուց

Հեծանիվ, դահուկ, անվաչմուշկ քշիր և մի՛ վախեցիր ընկնել: Ցավոտ կլինի, բայց դրա շնորհիվ դու  ավելի ճկուն կլինես և ոտքի կկանգնես այն ժամանակ, երբ ցանկանում ես լաց լինել:

Մի՛ վախեցիր կարծիքդ արտահայտելուց 

Դու պարտավոր չես լռել, երբ քեզ ինչ-որ բան դուր չի գալիս կամ երբ համաձայն չես ինչ-որ բանի հետ: Մի՛ թաքցրու քո կարծիքը ո՛չ հանուն ընկերության, ո՛չ էլ հանուն սիրո: Եթե քեզ չեն լսում կամ էլ պահանջում են չեզոք լինել, ուրեմն թող գրողի ծոցը գնան նման սերն ու ընկերությունը:

Մի՛ ամաչիր ներողություն խնդրելուց 

Միայն շատ ուժեղ աղջիկները կարող են ներողություն խնդրել և ընդունել սեփական սխալները, իսկ ես շատ եմ ցանկանում, որ դու հենց այդպիսին մեծանաս: Դժվար է ասել՝ «Կներես ես սխալ էի, ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը»: Բայց դա պետք է սովորել, և այդ դեպքում քեզ ոչ ոք չի կարողանա հաղթել:

Մի՛ վախեցիր վատ գնահատական ստանալուց

Անբավարար գնահատականը  սարսափելի բան չէ: Դա ցույց կտա քո թույլ տեղերը: Դու կհասկանաս, թե ինչի վրա պետք է ավելի շատ աշխատես: Ցածր գնահատականը չի նշանակում, որ դու հիմար ես:

Մի՛ վախեցիր ոչ հայտնի լինելուց 

Մինչ բոլոր հայտնիները կմասնակցեն տարբեր հավաքույթների, ժամեր կանցկացնեն սրճարաններում և համացանցում կտեղադրեն իրենց լուսանկարները, դու կսովորես լավ կրակել, ձիավարել, երգել և այլն: 18 տարեկանում այդ նույն հայտնիները դեռևս նստած կլինեն համակարգչի առաջ, իսկ դու այդ նույն ժամանակ կգրավես աշխարհը, գուցե նաև շուրջերկրյա ճամփորդության մեկնես:

Մի՛ վախեցիր տարօրինակ լինելուց

Չէ՞ որ քո տատիկը չի վախենում:

Մի՛ վախեցիր սիրահարվելուց

Սիրահարությունը, միևնույն է, կայցելի քեզ: Ուրախացիր, որ վերջապես մեծացել ես:

Մի՛ վախեցիր առաջին համբույրից

Հավատա տատիկին. դա ուղղակի հրաշալի է: Մի վախեցիր. բոլոր կանայք ուղղակի հրաշալի են համբուրվում, քանի որ դա մեր արյան մեջ է:

Մի՛ վախեցիր ամուսնանալուց կամ, հակառակը, չամուսնանալուց 

Երբ դու մեծանաս, ոչ մեկի պետքն էլ չի լինի` քո մատին ամուսնական մատանի կա՞, թե ոչ: Եթե  որոշել ես, որ ամուսնությունը և ընտանեկան կյանքը քեզ համար են, ձգտիր գտնել «քո» մարդուն, և այդ դեպքում քեզ դա կհաջողվի: Նույնիսկ ամեն տեղ թափթփված գուլպաները քեզ հունից չեն հանի:

Մի՛ վախեցիր ծննդաբերելուց

Չեմ խաբի, դա ցավոտ է, սակայն ամենահրաշալի բանն է, որ կարող է տեղի ունենալ ցանկացած կնոջ կյանքում:

Մի՛ վախեցիր ամուսնալուծվելուց 

Կյանքում ամեն ինչ պատահում է: Կարևորը` չհուսահատվես և չփակվես ինքդ քո մեջ: Ամուսնալուծությունը կյանքի վերջը չէ: Դա ինչ-որ նոր բանի սկիզբ է և, ամենայն հավանականությամբ, ավելի հետաքրքիր մի բանի:

Մի՛ վախեցիր մենակությունից

Երբեմն մենակ մնալն օգտակար է: Այդ պահը կարելի է նույնիսկ վայելել: Բայց դա երկար չի տևի. ես մեր ընտանիքը լավ գիտեմ:

Մի՛ վախեցիր լաց լինելուց

Արցունքներն ուժեղ մարդու ընտրությունն են: Ես ուժեղ եմ և անում եմ, ինչ ցանկանում եմ: Ուզում եմ` լաց եմ լինում, ուզում եմ՝ ծիծաղում եմ,  ուզում եմ` գուլպաներս շաղ եմ տալիս տնով մեկ:

Մի՛ վախեցիր նորը փորձելուց 

Մի՛ մտածիր տարիքի մասին, և թե` ինչ կասեն մարդիկ: Կյանքից վերցրու ամենալավը, և կարևոր չէ, թե որքան խենթ է քո ցանկությունը:

Մի՛ վախեցիր ծերանալուց 

Տարիքի հետ սկսում ես ավելի գնահատել կյանքը և սիրել հարազատներիդ: Եվ հետո գուցե նամակ գրես թոռներիդ:

Մի՛ վախեցիր հարազատներիդ կորցնելուց

Ես երկար էի մտածում՝ արժե՞ սա գրել: Բայց կորուստներն անխուսափելի են: Հարազատները գնում են, բայց սերը չի կորչում:

Սիրում եմ քեզ, քո տատիկ:

Աղբյուրը՝ newsline.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed