Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք. Այսօր Խ.Աբովյանի ծննդյան օրն է

«… Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»: Խաչատուր Աբովյանի կոչն է եղել երիտասարդությունը:

Գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիրն է: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է. 1809 թ. հոկտեմբեր 15,  Քանաքեռ: Օրվա առիթով Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Աբովյանի գրական ժառանգությունը» խորագրով գրական ցերեկույթը՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան օրվան: Միջոցառման ընթացքում թանգարանի գիտաշխատողները կներկայացնեն Լուսավորչի գրական ժառանգությունը, կխոսեն գրական ժանրերի և բանաստեղծական աշխարհի մասին, զուգահեռ կհնչեն բանաստեղծություններ և մեջբերումներ Աբովյանի ստեղծագործություններից: Առաջին անգամ, հենց տուն-թանգարանի դահլիճում, կկայանա «Աբովյանի հետքերով…» բեմականացման պրեմիերան:

1829 թ-ին Էջմիածին է եկել Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Մասիս (Արարատ) լեռը բարձրանալու նպատակով: Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և սինոդի թարգմանիչ Աբովյանին հանձնարարել է ուղեկցել Պարրոտի արշավախմբին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նրանք բարձրացել են Մեծ Մասիսի գագաթը:

Դա առիթ է դարձել, որպեսզի Աբովյանը, որ մինչ այդ՝ 1819–22 թթ-ին, սովորել էր Էջմիածնի վանական, 1824–26 թթ-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկներ Դորպատ՝ ուսումնառության: 1830–35 թթ-ին պետական կրթաթոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, սովորել մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն: 1836 թ-ին վերադարձել է հայրենիք: 1837–43 թթ-ին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–48 թթ-ին՝ Երևանի գավառական դպրոցներում:
Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն: Գրել է չափածո և արձակ  գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների:

«Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն, և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը»,- ասել է Համո Սահյանը:

1841 թ-ին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը:

«…Չորս  գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները:
Մովսես Խորենացու հայոց պատմությունը, Եղիշեի Վարդանանց պատերազմը, Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտվում է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը …
»,- գրել է Ավետիք Իսահակյանը:

1848 թ-ի մարտին Աբովյանը նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, սակայն, դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած, ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ 14-ին) վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա առեղծվածային վախճանի հանգամանքները   դեռևս չեն պարզվել. աքսորվե՞լ է արդյոք, թե՞ սպանվել…

Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք Է թողել։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պերճ Պռոշյանը,Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրականության ավանդները և նոր գրականության լեզուն։

Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը, Ե. Շահազիզը, Արսեն Տերտերյանը և ուրիշներ։ Հետագայում աոանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի՝ աբովյանագիտության։ Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն,վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն:

«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վարկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…
Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը
»,- ասել է Դորպատի  համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը:


Հովհաննես Զարդարյան, «Խաչատուր Աբովյան. «Հավատա՛, արշալույսը կը ծագի»»


Էդուարդ Իսաբեկյան, Խ. Աբովյանի դիմանկարը

Անդարդարձը՝  Panorama.am-ի
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed