«Տան մյուս կողմը»՝ ֆիլմը կմասնակցի 2017-ի Օսկարին

Մայան ու Նարեն 40 րոպե շարունակ ճամփորդում են միասին. ժամանակին զուգահեռ, սակայն հակառակ ուղղություններով: Նրանք հայտնվել են միեւնույն պատմության տարբեր կողմերում: Երկու կանանց միացնում է միեւնույն տունը՝ հայկական Սեբաստիան (այժմ՝ Թուրքիայի Սիվաս քաղաքը), սակայն նրանք այդ տան տարբեր կողմերում են:
2016թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը հայտնվել է հաջորդ տարվա «Օսկարի» նախընտրական փուլն անցած եւ կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի լավագույն տասնյակում: Ֆիլմի ռեժիսորը Նարե Մկրտչյանն է, պրոդյուսերը՝ օսկարակիր Ռոբ Ֆրայդը:
Հետագայում, երբ Մայան ծանոթանում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հասկանում է, թե ինչու էր մի կերպ փրկված տատը փոխել անունն ու դավանափոխ եղել:
«Ես չեմ փորձում մեկ անգամ եւս ապացուցել փաստը, որ սա ցեղասպանություն է: Այն, որ իմ նախնիների կյանքը հորինված պատմություն չէ, ապացուցման կարիք չունի: Ինձ հետաքրքրիր է, թե ինչպես է ցեղասպանությունը հարյուր տարի հետո ազդում երկու կողմերի վրա, ինչպես է ցեղասպանությունը շարունակվում եւ տանջում երկու կողմերին», – պատմում է Նարեն:
Ժխտման ցավը
Ֆիլմի հերոսուհին՝ Մայան, ով որոշում է հարգանքի տուրք մատուցել տատի հիշատակին եւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա հիշատակի օրը գնալ Ծիծեռնակաբերդ, տեսախցիկի առջեւ, սակայն, դժվարանում է արտաբերել «ցեղասպանություն» բառը:
«Նրա ժխտումը բացահայտ վախի արտահայտություն էր: Ես հայտնվեցի փակուղու առջեւ ու պետք է դրա լուծումը գտնեի: Տառապանքի երկար ճանապարհ անցա: Նպատակ դրեցի այս ֆիլմում ցույց տալ ժխտման ցավը: Ես ուզում էի, որ օտար հանդիսատեսն զգա հարյուրամյա ժխտման ցավը: Իմ կարծիքով՝ Մայան իսկապես մարմնավորում է կոնֆլիկտը, մի կողմը տառապում է, մյուս կողմը՝ ժխտում», – նշում է Նարեն:
Ճանապարհ դեպի «Օսկար»
Ստամբուլի եւ Երեւանի հիասքանչ պատկերներով ու մոգական երաժշտությամբ զուգորդված այս ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխության 89-ամյա պատմության ընթացքում Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմն է, որ այդքան մոտ է մրցանակին:
«Այն որ սա առաջին ֆիլմն է, որ վերջապես արժանացավ Օսկարի ուշադրությանը շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ սա հնարավորությոն է տալիս ցեղասպանության պատմությունը ներկայացնել մեծ թվով մարդկանց»:
Հունվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիան կհաստատի կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի հավակնորդների ցանկը, իսկ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:

                     Նարե Մկրտչյանը (կենտրոնում), ֆիլմի պրոդյուսեր Ռոբ Ֆրայդը (աջից),                                                      գործադիր պրոդյուսեր Իլիանա Գուեվարան (ձախից)
Հեղինակ՝ Սարգիս Խանդանյան
 Աղբյուրը՝  auroraprize.com
Տարածել`
Share

You may also like...