Տաղանդավոր էր ամեն ինչում. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Հունվարի 22-ը մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։
«Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքեց իր մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշեց, որ հարևաններ, ընկերներ, ծանոթներ, բան… եթե 21-ին քեֆ անեն, կարող է ասեն, որ այ տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, փոխեց ամսի 22-ին։
Բայց ինքը ծնվել է հունվարի 21-ին»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։
Երաժշտական բացառիկ տաղանդը նրա մեջ դրսևորվել էր դեռ մանկության տարիներին: Մանկապարտեզի ավարտական խմբում փոքրիկ Առնոյի լսողությունը ստուգել ու լրջորեն երաժշտությանը նվիրվելու խորհուրդ էր տվել անձամբ Արամ Խաչատուրյանը:
Առնո Բաբաջանյանի երաժշտական կրթության ուղին սկսվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցից, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:
Ստեղծագործական առաջին լուրջ հաջողությունը՝ «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգով, Պրահայում կայացած երիտասարդական միջազգային փառատոնում էր: Ավելի ուշ նրա երգերն արդեն հայտնի էին խորհրդային ամբողջ տարածքում:
Ստեղծագործում էր տարբեր ոճերում՝ պոպ, ջազ և դասական:
«Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- խոստովանում էր Առնո Բաբաջանյանը:
«Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա». խորհրդային ամենասիրված ֆիլմերից շատերում հնչում են Առնո Բաբաջանյանի երգերը:
- Previous Լույս է տեսել ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը
- Next Իտալական ճանաչված խոհարարական հաղորդման նոր եթերաշրջանը կվարի հայազգի հեռուստահաղորդավարը (լուսանկարներ, տեսանյութ)