Վ. Անանյան «Սիրում եմ անձրևը». Երեկոյան ընթերցումներ

Սիրում  եմ  անձրևը, երբ  նոսր  վարագույրներով  կախվում  է  սևագորշ  ամպերից  և  տիեզերական ցնցուղի  նման  իր  տարափի  տակ  առնում  հանդ  ու  անդաստան:

Սիրում  եմ  շռնդալի  անձրևը՝  ջրառա’տ, ծանր, որ  աղմկալի  հարվածում  է   տանիքներին  ու  ջրհորդաններով   գահավիժում    ցած,  և որին   սաղարթախիտ  ծառերը, միայն վայրկյաններ  դիմադրելուց  հետո,  թևաթափ  ու  խոնարհ   հնազանդվում  են լուռ: Հանկարծահաս  հորդ  անձրևը,  անակնկալ  տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից:

Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին, երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման «օխայ»  են քրթմնջում հրճվանքով:

Սիրում եմ և գարնանամտի անձրևը, որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները:

Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ  և՛ գարնան ուրախ անձրևը, որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը, որ թախիծ է բերում ու տխուր հուշեր:

Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:

…Ասում  են, ես  անձրևի  տակ եմ  ծնվել և ,  երբ  աշխարհ եկա՝առաջին  ձայները,  որ լսեցի՝   ամպի  գոռոցն  էր  և անձրևի  շռնդալի  թմբկահարությունը:        Գոռգոռում  են  ամպերը,  կայծակը  խփում  է  դիմացի  ժայռին, և  ահաբեկված  մայրս  այդ  պահին  աշխարհ  է  բերում  ինձ ՝   հազար  տեղից  կարկատած  մեր  վրանում:       Դա   օգոստոսն  էր, բայց  այնպես  ցուրտ  էր  մեր  սարերում,  որ  շներն  անգամ  դողում  էին  իրենց  բներում:     Առանց  մորս  համաձայնությունը  հարցնելու ,  շալը   կապել  են  նրա  մեջքից, ինձ   խանձարուրով   գցել  մեջը: Իմ  բոբիկ   մայրը  լեռան  լանջով  բարձունքից  քայլել  է  դեպի   հովիտը: Քայլել է  դեպի  տաքը,  դեպի  արևը՝  իր  վերջին   զավակին  գազազած  տարերքից  փրկելու  համար…        Ահը  սրտում  իջել  է  մայրս  լեռերից  ՝  իր  մեջքին  զգալով  այն  փոքրիկ  արարածի  գոյությունը,իջել  է  ամպերի  միջից: Պետք  է  որ  մայրս  թաքուն  բերկրանք  զգար  իր  սրտի  տակ, բարի  արևից  ջերմացած  այն  հովիտն  իջնելիս:Բայց  և   երկյուղ  է  ունեցել  իր  սրտում  մինջև  ոսկորները  թրջված  այդ  գեղջկուհին, երկյուղ  ինձ  համար:       Ես  տրոփում  էի  նրա  նիհար  մեջքին , և  նա  զգում  էր, որ  դեռևս  կենդանի  եմ:

Կես  դար  է  անցել  այդ  օրերից : Դու  վաղուց  ննջում  ես  հողի  տակ, աղոտ  եմ  հիշում  քո  սուրբ  պատկերը, վաղամեռ  մայր  իմ: Բայց  հիմա  էլ  պարզ  ու  հստակ  տեսնում  եմ  քեզ՝ ցուպը  ձեռքիդ ,  ոտաբոբիկ, քոչվոր  թրքուհու  նման  բեռդ  թիկունքիցդ  կապած  ՝ մեր  ամպոտ  սարերից  հովիտն  ես   իջնում:

Կայծակից  ու   որոտից  փախցնում  էիր  ինձ ՝քո  վերջին  պտուղը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed