Վրաստանում հայկական հուշարձանների ոչնչացման նոր փաստեր չեմ նկատել. Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այս տարի Վրաստան այցելելիս չի նկատել, որ ազգային հիմքով հայկական հուշարձանները ոչնչացվեն:

«Նման նոր փաստեր չեմ տեսել: Վերջին տարիներին այն հակահայ ալիքը, որը կար և դրա պատճառով մեծ թվով հուշարձաններ զոհ գնացին հենց Վրաստանի տարածքում ՝սկսած մայրաքաղաքից մինչև շրջաններ, այդ հակահայ մոլուցքը, բարեբախտաբար, այս վերջին ճամփորդությունների ժամանակ չնկատվեց, թարմ ավերումներ չկային»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հուշարձանագետը, այդուհանդերձ, նշեց, որ հատկապես Ջավախքի տարածաշրջանում այլ վատ բան է նկատել, ինչը հենց մեր ձեռքով է կատարվում:

«Հասկանալի է, որ հին եկեղեցիները անշուք են, շենքերը քայքայված են, սակայն դրանք գրեթե երկու դարի պատմություն ունեցող կառույցներ են,  և որոշ գյուղերում հիմնահատակ քանդել են և նոր եկեղեցիներ են կառուցել:  Այսինքն՝ մենք մեր ձեռքով ենք ջնջել մեր հետքը»,- ասաց նա և նշեց, թե գտնում է, որ եթե բոլորովին նոր եկեղեցի պետք է կառուցվի, անպայման չէ, որ հին եկեղեցու տեղը կառուցվի:

«Այսինքն պետք չի հինը ջնջել երկրի երեսից՝ նորը կառուցելու համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընդհանրապես ինքն ավելի շատ կողմնակից է պատմական հուշարձանների պահպանությանը, քան նոր եկեղեցիների կառուցմանը:

«Սփյուռքի պարագայում գուցե ուրիշ է, սակայն հայրենիքում եկեղեցին չէ, որ պետք է ազգությունը պահպանի, ազգը հայրենիքում պահելու համար հաստատ եկեղեցուց շատ ավելի կարևոր գործեր կան անելու»,-ասաց նա:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վրաստանում հայկական հուշարձանների ոչնչացման նոր փաստեր չեմ նկատել. Սամվել Կարապետյան”

Leave a Reply

Your email address will not be published.