Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի 2017 թվականին

a1plus.am-ը գրում է՝

«Փնտրեք բարին ամենուրեք: Եվ երբ գտնեք, հանեք այն թաքստոցից ու ազատ արձակեք»,-ասում էր բարի հսկա Վիլյամ Սարոյանը:

«Ասում են՝ շատ բարի է, էսպիսի մի կարծիք կա ամերիկյան քննադատության մեջ: Ուղղակի այդ բարությունն իրենց մի քիչ պարզունակ է թվում»,-նշում է Հայաաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա բախտ է ունեցել անձամբ հանդիպել Վիլյամ Սարոյանի հետ: Ասում է՝ նրան միշտ զարմացրել են Սարոյանի պատմություններն ու հայացքը կյանքին.

«Ես տեսնում եմ մի հայ մարդու, բիթլիսցու դեմք, որը տեսել է կյանքի ծանր հարվածներ՝ կենսականորեն, պատմականորեն, բայց մնացել է բարի, խորը, ճշմարտացի, ներող: Այդ մեծ գոյությունն է, որ կարող է ստեղծել այդպիսի խորքով պատմվածքներ»:

Օգոստոսի 31-ին լրանում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 108-րդ տարին: Այդ կապակցությամբ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի ջանքերով առցանց ընթերցանության ֆլեշ-մոբ անցկացվեց, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքաներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում,  Չարենցավանում, ինչպես նաեւ՝ Ստեփանակերտում ու աշխարհի այլ քաղաքաներում՝ Բեյրութում, Մոնրեալում եւ Լոս Անջելեսում, միաժամանակ ընթերցվեցին Սարոյանի ստեղծագործությունները:

Անցյալ տարի «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը գնել է Սարոյանի տունը Ֆրեզնոյում: Այժմ աշխատանքներ են տարվում այն թանգարանի վերածելու ուղղությամբ:

«Մենք նպատակ ունենք 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ այսինքն գրողի հաջորդ ծննդյան օրը, կազմակերպել տան բացումը: Աշխատանքները շատ են, դժվար եւ գուցե չստացվի, բայց այդ նպատակներն այսօր ունենալը մեզ ստիպում է, որ այդ սահմանների մեջ փորձենք իրականացնել»,-ասաց «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Բացի ընթերցանության ֆլեշ-մոբից, Երեւանի Թումանյանի այգում կազմակերպվեց նաեւ Վիլյամ Սարոյանին նվիրված ցուցահանդես եւ նրա սիրելի ուտեստների համտես:

Տարածել`
Share

You may also like...