Վիեննայում կայացած համաժողովին ներկայացվել է հայ միջնադարյան երաժշտությունը

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը ներկա է գտնվել միջազգային գիտաժողովի, որը տեղի է ունեցել Վիեննայում։

 Կոնֆերանսիկազմակերպիչը Վիեննայում գործող Մոնոդիայի ուսումնասիրության միջազգային կենտրոնն է, խորագիրը` Մոնոդիայի տեսությունը և պատմությունը։ Այն անցկացվում է 2007 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ, Վիեննայում։ Հիմնական թեմատիկ շրջանակը միջնադարյան երաժշտությունն է, այսինքն՝ քրիստոնեական միջնադարյան երաժշտական մշակույթը իր տարբեր ճյուղավորումներով։

«Այս տարի 9-րդ գիտաժողովն էր։ Հիմնական թեմաներն էին՝ միջնադարյան հոգևոր երգեցողության ոճերը, միջնադարյան հոգևոր երգերի ժողովածուների ժանրային տիպաբանությունը, միաձայն հոգևոր մեղեդու առանձնահատկությունները։ Այնտեղ նաև շատ կարևոր տեղ էին հատկացնում նոտագրությանը, այսինքն՝ միջնադարյան երաժշտության գրառման համակարգին և դրա տեսական խնդիրներին։ Մասնակիցները տարբեր երկրներից էին՝ Ռուսաստանից, Ավստրիայից, Սլովակիայից և Հայաստանից։ Մեր երկիրը ներկայացնում էինք երկու հոգով՝ դոկտոր-պրոֆեսոր, երաժշտագետ-միջնադարագետ  Աննա Արևշատյանը և ես։ Գիտաժողովի ժամանակ իմ զեկուցումը «Նոր Ջուղայի հոգևոր երգվածքները» թեմայով էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գայանե Ամիրաղյանը։

Գիտաժողովը տևել է 3 օր՝  սեպտեմբերի 21-23-ը։ Ամիրաղյանը նաև նշեց, որ համաժողովն ուղեկցվում էր շատ աշխույժ քննարկումներով։ «Ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր, որովհետև առաջին անգամ էր, որ քրիստոնեական երաժշտության տարբեր ճյուղերը ներկայացնող միջնադարագետներ էին հավաքվել և քննարկում էին տարբեր հարցեր։ Ի վերջո գալիս էին այն եզրահանգմանը, որ ամեն մշակույթում, այնուամենայնիվ, քրիստոնեական երաժշտությունը ինչ-որ ինքնատիպ դրսևորում ունի»,- նշեց Ամիրաղյանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատողը հավելեց, որ կոնֆերանսի վերջում եղավ կլոր սեղան, որի ժամանակ ամփոփվեցին քննարկումները, ինչպես նաև որոշվեց հաջորդ գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը։

Նյութի աղբյուրը՝ Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...