«Վերևից» իշխում էին քեզ, ուզում էին ինչ-որ բաներ տեսնել արարքներիդ մեջ, ինչ-որ իմաստներ՝ բառերիդ մեջ».Ղուկաս Սիրունյան

aravot.am-ը գրում է՝

«1980-ականներին բանաստեղծությունների մի ժողովածու հրատարակեցի, որը շատ անմեղ անվանում ուներ՝ «Ծառզարդար»: Նկատի ունեի գարունը, զարթոնքը, երբ ծառերը զարդարվում են…

Ինչ-որ լարում կար Մամուլի պետական կոմիտեի հետ: Այնտեղի պաշտոնյան ինձ կանչեց, թե՝ «Ծառզարդար»-ը կրոնական բառ է: Այդպիսի մի տոն կա, և կապեցին դրա հետ: Ի սեր Աստծո, բայց ես չեմ կապել: Վիճեցինք և այլն… Փոքրիկ մի դեպք է, չէ՞, բայց ամբողջական պատկերացում է տալիս խորհրդային ժամանակների մասին: «Վերևից» իշխում էին քեզ, ուզում էին ինչ-որ բաներ տեսնել արարքներիդ մեջ, ինչ-որ իմաստներ՝ բառերիդ մեջ»,- հիշում է բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը: Մեր երկրի անկախությունը, ըստ բանաստեղծի, հայ գրողին առաջին հերթին անկախություն տվեց. «Դա շատ կարևոր բան է: Մարդը, գրողը մնաց իր ճակատագրի, իր իմացության, երազների ու ձգտումների, կարեցածի ու չկարեցածի հետ: Այլ խոսքով ասած՝ նա մնաց ինքն իր հետ, ինչպես որ, թող վերամբարձ չթվա, Աստված էր ինքն իր հետ, երբ արարեց մարդուն: Ուրեմն՝ գրողն էլ մնաց ինքն իր հետ և սկսեց արարել ըստ իր պատկերացումների, ըստ իր ունեցածի: Անկախության շրջանում, իհարկե, շատ այլ բաներ էլ եղան՝ սոցիալական խնդիրներ և այլն, որովհետև խորհրդային տարիներին գրողին պետությունն էր պահում: Վերջինս ստեղծել էր Գրողների միությունը, որպեսզի այն դառնա իր «ձայնափողը», և դրա համար ոչինչ չէր խնայում, հսկայական միջոցներ էր առանձնացնում գրողների համար: Հետխորհրդային տարիներին այդ ամենը կորավ գնաց այն պետության հետ, և գրողն իր սոցիալական բազմաթիվ խնդիրների հետ մնաց մեն-մենակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ղուկաս Սիրունյանը: Չնայած այդ խնդիրներին՝ բանաստեղծն անկախության տարիները ոչ մի դեպքում չէր փոխի խորհրդային ժամանակներով. «Սոցիալապես ապահովված լինելը, ճիշտ է, լավ բան է, բայց գաղափարի, մտքի, սրտի ազատությունն ամեն ինչ է, ոչ մի բանի հետ չես համեմատի»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Այդ դեպքում ինչո՞ւ են շատերն այնքան կարոտով հիշում խորհրդային տարիները:

«Մեկ-մեկ զայրույթից են ասում, որ այն ժամանակ ամեն ինչ շատ լավ էր: Բայց երբ խորքից են նայում, ոչ մեկն էլ… Ես այնտեղից եմ գալիս: Իմ երիտասարդ տարիները խորհրդային ժամանակներում են անցել: Ավտոմեքենաներ, բնակարաններ եմ ստացել: Հիմա տուն չունեմ, բայց ես այս ժամանակը չեմ փոխի այն ժամանակի հետ: Իսկապես չեմ փոխի, որովհետև այն, ինչ ես կամ, հետո եմ դարձել, երբ մենակ եմ մնացել ինքս իմ ճակատագրի դեմ, երբ ինձ այլևս ոչ մեկը չէր կանչում և ասում՝ ինչու ես այս բառը գրել… Գրաքննությունը սարսափելի բան է: Հիմա չկա, և փառք Աստծու, որ չկա»,- ասաց բանաստեղծը: Մյուս կողմից էլ, ըստ նրա, գրաքննության չլինելն իր հետ որոշ անցանկալի երևույթներ է բերում. «Օրինակ՝ գրվում են բաներ, որոնք չպետք է գրվեն: Երբեմն, ոմանք աղմուկ հանելու կամ ուշադրություն գրավելու համար ծայրահեղ բաների են գնում, բայց ես կարծում եմ, որ դրանք մնայուն, ոգևորող չեն և կմարեն, կանցնեն կգնան»:

Ղ. Սիրունյանի բնորոշմամբ՝ հիմա կանոններից, կաշկանդումներից զերծ ժամանակներ են, և հենց այս պայմաններում է, որ պետք է ստեղծվի իսկական, ճշմարիտ ու բարձր գրականություն: «Վիլյամ Սարոյանը ավտոմեքենա չէր վարում, որ չենթարկվեր երթևեկության կանոններին: Ամբողջ կյանքում նա մեքենա չվարեց այդ պատճառով… Կաշկանդումների մեջ մարդը մի տեսակ կորում է, շատ բաներ է կորցնում: Դրա համար էլ շատ գնահատելի են այս ժամանակները: Կյանքին, ընդհանրապես ժամանակին ավելի լայն հայացքով է պետք նայել: Այսօր այս բանը չկա, ուրեմն ասենք՝ ոչինչ չկա՞: Չկայի ժամանակաշրջա՞ն: Այդպես չէ: Չկա-ն չի կարող միշտ թագավոր լինել: Այսօր թագավոր է, վաղը գահընկեց կլինի»,- համոզված է Ղուկաս Սիրունյանը:

 

 Հեղինակ՝  Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed