«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է փակ դռների հետևում

«Ոսկե գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության պահանջների համաձայն, կայացել է«Վերջին բնակիչը» ֆիլմի փակ ցուցադրությունը՝ Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի անդամների (HFPA) համար։ Ինչպես հայտնում է ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, ֆիլմը ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի է արժանացել։

«Վերջին բնակիչը» ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել է Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից մեկում՝ Four Seasons Hotel – ում, ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի գլխավորությամբ: Երեկոյին ներկա էին նաև ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, ֆիլմի լիտվացի համարտադրող Կյաստուտիս Դրազդաուսկասը՝ տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող իրանցի դերասան Հոմայուն Էրշադին, լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն, նաև դերասանուհի Աննե Բեդիանը և այլք ։

Նշենք, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 12-ին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ալեքսանդր Խաչատրյանը, Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկսայտե Պետրուլենեն, Սոս Ջանիբեկյանը, երաժշտության հեղինակն է Սերժ Թանկյանը։

Ֆիլմը նոյեմբերի 17-ից կցուցադրվի կինոթատրոններում:

Ֆիլմում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...