Վերադարձի փառատոնի կվինտետն առաջին անգամ ներկայացավ հանրությանը

Վերադարձի դասական երաժշտության փառատոնի շրջանակներում ձևավորված և փառատոնի անունը կրող կվինտետն առաջին անգամ ներկայացավ հանրությանը: Կոլեկտիվը նոյեմբերի 5-ին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերադարձի դասական երաժշտության փառատոնի նախաձեռնող, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ է կարևորում կվինտետի ստեղծումը:

«Այսօր ծնվել է մի հետաքրքիր անսամբլ, որի գաղափարը ծագել է ավելի շուտ` 2 տարի առաջ: Կարևորում եմ, որ այս գաղափարի շուրջ հավաքվեցին ոչ միայն մեր հայրենակից-ընկերները, այլև օտարազգի երաժիշտներ, ովքեր մեր հայրենակիցների հետ ելույթ էին ունենում արտերկրում»,-նշեց նա:
Մարիամ Շահինյանը տեղեկացրեց, որ կվինտետի կազմում հանդես են գալիս Լիլիթ Գրիգորյանը (դաշնամուր,Բելգիա), Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Պոլին Բարտիսոլը (թավջութակ, Ֆրանսիա) և Բլանշ Ստրոմբոնին (կոնտարբաս,Ֆրանսիա):

«Վերադարձի փառատոնի անունը կրող կվինտետը հետագայում ելույթ կունենա արասահմանում: Կազմը շատ ճկուն է լինելու, միգուցե նաև ընդարձակվի»,-նշեց նա:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահը չի բացառում, որ կվինտետի հիմքով հետագայում առանձին նվագախումբ ստեղծվի: «Նման գաղափար մենք արդեն ունենք, մեր հայրենակից լավ երաժիշտներն արտերկրում շատ են: Ինչու ոչ` կարելի է»,-շեշտեց նա;
Վերադարձի փառատոնի կվինտետն անդրանիկ համերգին ներկայացրեց Գ. Մալերի, Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները:

Կվինտետի անդամ, դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ուրախությամբ է համաձայնել դառնալ կվինտետի անդամ:

«Երբ Մարիամ Շահինյանն ինձ զանգահարեց, և ասաց, որ նման գաղափար կա, շատ ուրախացա: Գալ և նվագել իմ հայրենակցի և արտասահմանցի երաժիշտների հետ Հայաստանում շատ յուրահատուկ է: Փայլուն երաժիշտներ են, մեծ հաճույք եմ ստանում իրենց հետ նվագելուց: Ես նախկինում նրանցից ոչ ոք չէի տեսել, անուններն էի լսել: Այս համերգով չի ավարտվում մեր համագործակցությունը»,-շեշտեց նա:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ շարունակվում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը: ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող երաժշտական տոնն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տարածել`
Share

You may also like...