«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է բացառիկ ծրագրով

Երեւանում նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Վերադարձ» դասական երաժշտության փառատոնը:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ արդեն 8-րդ անգամ հանդիսատեսին է ներկայացել դասական երաժշտության բացառիկ ծրագրով, որը այս ոճի երաժշտության զարգացման եւ տարածման խնդրից զատ, նպատակ ունի համախմբելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցներին եւ նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի եւ հայ մշակույթի զարգացմանը: Փառատոնի՝ նոյեմբերի 7-ին կայացած եզրափակիչ համերգը խորհրդանշել է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:

8-րդ փառատոնը մեկնարկել էր ս.թ. հոկտեմբերի 19-ին եւ հայ հանդիսատեսին ներկայացել 5 համերգով: Փառատոնը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության տասնամյակի կապակցությամբ՝ թողարկվել են սահմանափակ քանակությամբ մեդալներ, որոնք ընկերությունը շնորհում է հանրային բարօրության կերտմանն ուղղված նախաձեռնություններում նշանակալի ներդրում կատարած անհատներին: Բարձր գնահատելով «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի կողմից հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների եւ ուղղությունների արվեստագետների համախմբմանն ուղղված հետեւողականորեն իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ կարեւորելով փառատոնի դերը միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման եւ ստեղծագործական միջավայր ստեղծելու գործում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «10 տարվա ընկերություն» մեդալով է պարգեւատրել «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանին եւ հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է հասարակության բարօրությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու կարեւորությանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործունեության առաջին իսկ օրվանից սատարել է հասարակությանը՝ կայուն զարգացման նախադրյալներ ապահովելու նպատակով: Իրականացվել են համակարգային ծրագրեր՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:Ընկերությունը միայնակ չի եղել իր ստանձնած առաքելության իրականացման ճանապարհին: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողքին են եղել ընկերության արժեհամակարգը կիսող անհատներ եւ կազմակերպություններ՝ վերահաստատելով իրենց գործունեության ոլորտներում դրական փոփոխություններ եւ զարգացում ապահովելու պատրաստակամությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից խոր երախտագիտություն եմ հայտնում Մարիամ Շահինյանին եւ Գարիկ Նազարյանին՝ տարիների համատեղ հետեւողական, նվիրված եւ արգասաբեր աշխատանքի համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի իրականացրած աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի նոր՝ «Վերադարձի» կվինտետ» երաժշտախումբը, որը հնարավորություն կունենա ներկայանալու նաեւ արտերկրում:

«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի համերգների ընթացքում հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյանը /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ, Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա/ Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/:

Փառատոնին մասնակցել են այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, «Նաիրի» լարային կվինտետը /Ֆրանսիա/, «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվել է «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում ձեւավորված «Վերադարձի» կվինտետը:

Ֆրանսիական «Տանգո Կարբոն» երաժշտախումբը ձեւավորվել է 2012 թ.-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ եւ Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգոյի նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվել են` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ:

Տաղանդաշատ երաժիշտների շնորհիվ՝ երաժշտախմբի երգացանկն հարստացել է նոր եւ բազմազան ստեղծագործություններով, որոնք խմբի ինքնատիպ ստեղծագործություններում միաձուլում են ավանդական տանգոյի տարրեր:

Երկու տարի անց, ելույթ ունենալով Ֆրանսիայում («Տրիտոնում», «Պենիժ Օպերայում», Կոմեդիայի ազգային թատրոնում, «Լա Մալինում») եւ ձայնագրելով առաջին ձայնասկավառակը` նրանց փորձը հնարավորություն է տվել ստեղծելու  իրենց սեփական ոճը` համատեղելով դասական եւ ռոք երաժշտությունը, քնարականությունը, առնականությունը եւ  հումորը:

«Տանգո Կարբոնը» բազմիցս հրավիրվել է ջազային փառատոների. վերջին նվաճումներից արժանահիշատակը 2015-ին Ուկրաինայում ունեցած ելույթն էր՝ Հերբի Հենքոկի, Ուայն Շորտերի եւ Ջորջ Բենսոնի հետ նույն բեմում:

Յուրաքանչյուր համերգի ընթացքում «Տանգո Կարբոնը» ստեղծում է յուրահատուկ երաժշտական միջավայր` փորձելով տարանջատվել տանգոյի երաժշտության կարծրատիպերից:

Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/ ներկայացրել է համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, ինչն իրապես տոն է դարձել բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը եւ իր երաժիշտ գործընկերներն աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ են ունեցել Հայաստանում` եզրափակելով «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է բացառիկ ծրագրով”

Leave a Reply

Your email address will not be published.